Lragir.am-ը գրում է.

ՀՀԿ խոսնակի հայտնի թեզը, թե հաջորդ 5 տարիների վարչապետի հարցը ՀՀԿ-ն է որոշելու, ըստ ավանդական պատմական ընթացքի, որևէ տարակուսանք չունի իր մեջ։ Իհարկե ՀՀԿ-ն է որոշելու՝ ինչպես որ վերջին 26 տարիներին, տարբեր անունների տակ հանդես եկող հենց այդ ուժն է որոշել ընտրությունների ելքը, երկրի ու հայության ապագան, մարդկանց ապրելու իրավունքն ու առհասարակ՝ պետության՝ աշխարհին մարդավայել ներկայանալու հարցն ու նրա լինել-չլինելու ճակատագիրը։
26 տարի իրենք են որոշել, բայց գալու էր պահը, երբ այլևս իրենք չեն որոշելու։ Փիլիսոփայորեն հարցին մոտենալով հիշենք, որ ի տարբերություն ժամացույցի սլաքի, ժամանակն ինքնին հնարավոր չէ կանգնեցնել՝ ինչ ուզում ես արա, այն առաջ է շարժվում։
Եվ այսօր եկել է պահը, երբ առաջ անցած ժամանակը մերկացրել է ՀՀԿ-ական իշխանությունների բազմաչափ անախրոնիզմ֊-ոչ ադեկվատությունը թե դարին, թե աշխարհին, և թե ինքն իրեն։
26 տարի շարունակ իշխանության միակ խնդիրն է եղել ամեն գնով վերարտադրվելն ու իշխելը, ավերելը, ամայացնելը, թալանելն ու բեսպրեդել անելը։ Այն ֆանտաստիկ լավ է յուրացրել վերընտրվելու սխեմաները, մարդկանց հոգնեցնել-զզվեցնելու միջոցով կռացնել-հպատակեցնելը, կամ արտագաղթի մղելը։
Բայց և, ժամանակի ընթացքով, հենց իշխանության ներսում շերտավորում է տեղի ունեցել թեկուզ տարրական գործերով, բիզնեսներով հարստացածների և զուտ բանդիտիզմով ու իշխանությամբ փողին տիրացածերի ու բաշխման լծակների վրա նստածների միջև։
Վերջիններս իհարկե նրանք են, ովքեր մեծապես կազմակերպում և ապահովում են իշխանության վերարտադրությունը։ Բայց և, առաջիններով ապահովվում է մարդկանց մինիմալ կյանքն ու պետություն կոչվածի տարրական ֆունկցիաները՝ սկսած կենսապահովումից ու սնունդից, և վերջացրած հարկերի հավաքագրումով։
Եթե սեփականության անձեռնմխելիության գոնե մինիմալ երաշխիքները լինեին, ոչ մի՝ նույնիսկ ամենաօդիոզ օլիգարխն այսօր չէր մասնակցի իշխանությանն ու նրա վերարտադրմանը, որովհետև շատ լավ գիտի, որ այս «խաղը» շատ վատ ավարտ է ունենալու։
Բայց և, նախագահի ու ՀՀԿ-ի թելադրած շանտաժ-կոմպրոմատով, նա պարտավոր է մասնակցել իշխանությանը և շարունակել հինը՝ կեղծիքը, թալանը, բանդիտիզմն ու հիմար ձևանալը։
Վերջերս լուր տարածվեց, թե վարչապետը ներկայացրել է իր հրաժարականը, կամ որ մտմտում է այդ մասին։ Կապ չունի, հավաստի, թե սուտ է այդ լուրը, քանի որ բացարձակ տրամաբանական է այն։
Ցանկացած վարչապետ ներքին եռակի հակասականության դաշտում է։
Որպես մարդ նա կուզենար, որ արդյունավետ աշխատեր, երկիրը շենացներ, իր հետքը թողներ պատմության մեջ որպես ազգանվեր անհատ։
Որպես տնտեսության պատասխանատու տղամարդ կուզենար, որ իր մոտեցումները կյանք մտնեին, ինքը ստեղծագործեր, ինքը հարցեր լուծողը լիներ։
Բայց և, որպես ֆունկցիոներ, ստիպված է համակերպվել իշխանական մեծ խաղի կանոններին և անել թելադրվող այլանդակը։
Հետանկախական առաջին տարիներին սովետական տնտեսական ժառանգությունը դեր լրիվ մսխված չէր ու հնարավոր էր «կառավարել» զուտ բաշխման ու վերաբաշխման մեխանիզմներով ու ընտրություն կեղծելով։ Բայց հիմա օբյեկտիվորեն փոխված վիճակ է՝ մսխելիք էլ չկա, տնտեսական ու մարդկային ռեսուրսներ ևս չկան։ Եվ չնայած ընտրական կեղծիքով վերարտադրվելու ռեսուրսը դեռ լիովին առկա է, ներիշխանական հակասությունների ու շերտավորման լուրջ պրոբլեմներ կան՝ սուբյեկտ են դարձած կեղծիքից ու բեսպրեդելից զզված փողատերերի դասն ու ոտ ու ձեռ կապված ու մշտապես նախագահի քավության նոխազ եղող վարչապետը։
Որպես անհատ օլիգարխը հասկանում է, որ սահմանադրություն ասածը նախագահի կամքով գրված ու զոռով վավերացրած թղթի կտոր է, բայց և, որ դրանով իրական կյանք է պետք ապրել։
Նա շատ լավ գիտի, որ ինչ իշխանություն էլ լինի, եթե սեփականության երաշխիքներ լինեն, ինքը կկարողանա իր գործերը շարունակել։
Եթե մեկը կարծում է, որ սահմանադրական թղթի կտորի վավերացման համար փող ծախսած ու թուք ու մուր կերած փողատերը, օլիգարխը գոհ է իր արածից, ապա չարաչար է սխալվում։ Նա արել է մտածելով, թե դա վաղվա բան է, այսօր ես ենթարկվեմ, քանի որ այլ ելք չունեմ, քանի որ համակարգը կհոշոտի ինձ։
Բայց այսօր վրա է հասել երեկվա «վաղը», և պետք է ռեալ, շոշափելի տեսնել ու հասկանալ, թե ոնց է այսօր ապրելու։ Բացի այդ, տնտեսական որևէ ոլորտում իրեն դրսևորած ու հաստատված անհատ օլիգարխն ու որպես իշխանություն ձևակերպված ոհմակային օլիգարխիան տարբեր բաներ են՝ թե շահային ու թե մարդկային հարթություններում։ Որպես անհատ նա ձեռներեց է ու իր արածը վերջին հաշվով դրական բաղադրիչ ունի մարդկանց համար։ Բայց որպես օլիգարխական ոհմակի անդամ, նա միայն ու միայն բացասականի մեջ է՝ որովհետև ստիպված է պաշտպանելու քաղաքական իշխանականի բացահայտ բանդիտին ու ձրիակերին էլ։
Մի կողմ թողնենք, թե ինչ երազանքներ ու հույսեր են ունեցել նոր սահմանադրության պատվիրատուն, նախագծողներն ու այն կեղծիքով վավերացնողները։ Շուտով այդ սահմանադրությունը կյանք է մտնելու, բայց նրանով ապրելու բանաձևերն ու հեռանկարը ոչ մեկի ուղեղում չկա։ Ես համոզված չեմ, թե հենց պատվիրատուն ու նախագծողները հիմնավոր, դետալացված պատկերացում են ունեցել այդ սահմանադրության կիրառման ու նրանում իշխանության տեսքի ու ձևի մասին։ Զուտ այդ պահին իշխանությունը չկորցնելու, վերարտադրվելու նպատակով խելքներին ինչ որ բան էր փչել՝ թքել-կպցրել, գրել էին թղթի վրա։ Բայց ոչ մեկը չի էլ գիտակցել, թե ով է իրականում լինելու դրության տերն այդ սահմանադրությամբ և ինչպես է համակարգը գործելու ու վերարտադրվելու։
Ինչևէ, ժամանակն առաջ է գնացել և վաղվա օրվա տեսլական «առաջին ուղտն» այսօր վարչապետի դռանն է չոքել, որովհետև նա է վաղվա օրվա առաջին պատասխանատուն։
Ոչ մի կարևորություն չունի, թե այս վարչապետը երբ կգնա ու հաջորդը երբ կգա։ Բայց կարևոր է, թե ՀՀԿ նշանակած հաջորդ որ վարչապետի վրա էլ պետությունը չի լինի։ 14 վարչապետներ են եղել, ու այսօր այն օրերն են, երբ հայկական վերջին վարչապետին տեսնելու հավանականությունը մոտեցել է մեկի։
Ակնհայտ է, որ ժողովուրդը խայտառակ պարտվեց ընտրական կեղծիքի, կոմպրոմատի ու բանդիտիզմի վրա հեծած իշխանություններին ու արդեն դրանց գործընկեր դարձած ընդդիմությանը։
Ակնհայտ է, որ ազգն էլ անվերապահորեն պարտվեց իր տականքին։
Բայց մնացել է մեկ չկայացած բախում ու մեկ շանս՝ թե արդյոք անհատ օլիգարխը, վարչապետն ու փողատերերը ևս կպարտվեն ՀՀԿ կոչված մեքենային և հենց իրենց ոհմակին՝ օլիգարխիային։
Օլիգարխիկ բազմաթիվ պետություններ կան, ուր մարդիկ ստրկացված չեն, չեն արտագաղթում և բեսպրեդելը, կեղծիքն ու բանդիտիզմը իշխանական լծակների կազմում չեն։
Նույն ԱՄՆ-ը օլիգարխիկ պետություն է, ուր դրության տերը ֆինանսա-ռազմական օլիգարխիան է՝ բանկիրներն ու ռազմական պատվերներով սնվող գիգանտ ընկերությունները։ Բայց և, այդ պետության մեջ պաշտպանված է շարքային մարդն ու մարդու իրավունքը։ Օլիգարխիան տիրապետում է իշխանությանը, բայց ոչ շարքայինին կողոպտելու ու ստրկացնելու հաշվին։
Ես դժվարանում եմ գուշակել հայկական ներիշխանականում բախման շանսն ու բախման ելքը։ Ըստ նախորդ տարիների տրամաբանության, իրենց դեմ խաղ չկա։ Բայց և, ըստ ժամանակի անողոք ընթացքի ու նրա բերած պահանջների, շատ փոքր հավանականություն կա, որ մեծն կոմբինատորն ու իր թիմը հաշիվ կտան իրենց արածի ու դեռ արվելիքի մաշտաբների մասով ու ինքնակամ կհեռանան ասպարեզից։
1915 թվին Գենոցիդի մասշտաբային մասը տևել է մոտավորապես կես տարի: Ներկա ինքնագենոցիդն արդեն 26 տարի է՝ գնում է ու ընթացել է հայի իսկ կողմից հայի հոգեբանական ոչնչացման ճանապարհով:
Այդ ընթացքում, գենոցիդին զուգահեռ, մարդկանց հետապնդման ու հալածման հարատև 37 թիվ է եղել ընթացքի մեջ։
Անհնար է 26 տարի շարունակ 37 թիվ ու ինքնագենոցիդ անել ու չտեսնել գալիք ազգային ու պետական կործանումը։ Անհնար է նույն կեղծիքով հավերժ իշխելը։ Անհնար է երկիրը վաճառելով ու ապասուբյեկտացնելով իշխանություն պահելը։ Անհնար է մարդ հալածելով սուրբ ձևանալը։ Անհնար է մսխելով հավերժ ապրելը։
Մինչև այս նոր սահմանադրությունը, նախագահների՝ ժողովրդին հասցրած նեգատիվները մոտավորապես նույն կարգի էին։ Այս սահմանադրությամբ երկրում կուսակցական-թայֆայական անդեմ բռնապետության հաստատման փորձ է արվել։
Մոտավորապես նման կառույց էր կոմկուսը։ Բայց նրանում բացակայում էին անձնական անհագ հարստացման ու բեսպրեդել թալանի պահերը։
Այն, ինչ մտածված է այս սահմանադրությամբ, մեռելածին է և լավ կլինի, որ բոլոր մասնակիցներն օր առաջ հասկանան դա և քայլեր ձեռնարկեն սպասվելիք դժոխայինը կանխելու։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am