Ազգային ժողովն այսօր՝ հունիսի 9-ին, շարունակում է արտահերթ նիստը։

Հիշեցնենք, որ արտահերթ նիստը հրավիրվել է ՀՀ Կառավարության առաջարկությամբ: Նախորդ նիստերին Ազգային ժողովը քննարկել եւ առաջին ընթերցմամբ ընդունել է «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին», «Ազդարարման համակարգի մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրինագծերը:

Այսօր նախատեսված է նույն օրինագծերը երկրորդ ընթերցմամբ քննարկումը: Քննարկումից անմիջապես հետո կկազմակերպվի քվեարկություն:

Նշենք, որ մասնավորապես, սեփականաշնորհման են ներկայացված 47 պետական ընկերություններ, որից 23-ը՝ սեփականաշնորհման նախկին ծրագրով: Կառավարությունն առաջարկում է մասնավորեցնել «Հայավտոկայանը», Երեւանի ոսկերչական գործարանի պետական բաժնետոմսերի փաթեթը, Կուրորտաբանության եւ ֆիզիոթերապիայի գիտահետազոտական ինստիտուտը, Հայաստանի Փոստի ազգային օպերատոր «Հայփոստը», «Հայֆիլմ» կինոստուդիան:

Ամենամեծ թվով օբյեկտներն առաջարկել է Առողջապահության նախարարությունը՝ Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն եւ մի շարք փոքր հաստատություններ:

Այս ընկերությունների վաճառքից պետությունն ակնկալում է 35-36 մլրդ դրամ (74 մլն դոլար) ստանալ: