«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունները լրջորեն պատրաստվում են Արտաշատի քաղաքապետի ընտրություններին։ Հովիկ Արգամիչի ազդեցությունը մարզում չեզոքացնելու հարցում նախագահը որոշել է վերցնել բոլոր ստրատեգիական կառույցները։ Նա հորդորել է Ալիկ Սարգսյանին գնել Արտաշատի հեռուստաընկերությունը՝ «տուն է, պետք կգա սկզբունքով», Սերգեյիչն էլ լսել եւ հնազանդվել է։

Հիշեցնենք, որ Արտաշատի քաղաքապետի պաշտոնը թափուր է մնացել Արգամ Աբրահամյանի՝ խորհրդարան գնալուց հետո, եւ այժմ իշխանությունն ամեն բան անում է, որ քաղաքապետ չդառնա Աբրահամյանների թեկնածուն։

Մամուլը տեւական ժամանակ գրում էր, որ նրանք հնարավոր է առաջադրեն փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանին՝ Կարինե Պողոսյանի եղբորը։ Իշխանական, մասնավորապես մարզի նոր տերերի՝ Ավշարի Գրիգորյանների թեկնածուն, ասում են, Գազի Հովոն է:

Ըստ որոշ լուրերի, քաղաքապետի հավակնություններ ունի նաեւ նախկին ոստիկանապետ, ներկայում Ազգային ժողովի պատգամավոր Ալիկ Սարգսյանը։ Նրանից մեկնաբանություն վերցնել չհաջողվեց՝ երեկ նա չէր պատասխանում մեր զանգերին: Իսկ Արտաշատի տեղական հեռուստաընկերության («Տելելեքս») տնօրեն Արթուր Գեւորգյանը մեր հարցը լսելուն պես սկզբում լրջացավ, հետո ծիծաղեց, ապա հետաքրքրվեց, թե որտեղից այդ ինֆորմացիան, վերջում նոր հերքեց»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում