Armtimes.com-ը գրում է.

Արդեն մի քանի ամիս անընդմեջ Հայաստանում սննդամթերքի գների տարօրինակորեն բարձր մակարդակ է արձանագրվում: Նույնիսկ պաշտոնական վիճակագրությունն է արձանագրում այդ փաստը:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության երեկ հրապարակած զեկույցի համաձայն` սննդամթերքը այս տարվա մայիսին անցած տարվա համեմատ թանկացել է 6.2 տոկոսով: Սա ամենաբարձր ցուցանիշն է այս տարվա նախորդ ամիսների համեմատ: Ինչպես երեւում է 1-ին գծապատկերից, սննդամթերքի թանկացման տեմպը գնալով աճում է, եւ, օրինակ, փետրվար-մարտի համեմատ թանկացման տեմպը աճել է մոտ 1.8 անգամ:

Թե կոնկրետ որ ապրանքների թանկացման հաշվին է այսպես աճում տեմպը, ասել հնարավոր չէ: Խնդիրն այն է, որ այս տարվա տվյալ ամիսը անցած տարվա նույն ամսվա հետ համեմատությունը, որը կոչվում է գնաճի տասներկուամսյա ցուցանիշ, ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը թաքցնում է: Սա, մեղմ ասած, տարօրինակ է, քանի որ տասներկուամսյա գնաճի ցուցանիշը կարեւորագույնն է եւ իր դրամավարկային քաղաքականության գործիքները կիրառելիս ՀՀ կենտրոնական բանկը օգտվում է հենց այդ ցուցանիշից: ԱՎԾ-ն գնաճի վերաբերյալ իր պարբերական զեկույցի կազմման մեթոդոլոգիան, ի դեպ, փոխել է այս տարվա փետրվարից: Հենց այն պահից, երբ սննդամթերքի տասներկուամյա գնաճը սկսեց նորանոր բարձունքներ գրավել: Հիմա ԱՎԾ-ն ներկայացնում է միայն ընդհանուր գնաճի ցուցանիշը, բայց քողարկում է նույն ցուցանիշը առանձին ապրանքախմբերի մասով:

Տարօրինակը միայն այն չէ, որ սննդամթերքը թանկացել է անցած տարվա նույն ամիսների համեմատ: Շատ տարօրինակ է անցած տարվա դեկտեմբերի համեմատ գների փոփոխությունը: 2-րդ գծապատկերում հոծ գծով բերված են հենց այդ ցուցանիշները: Որպեսզի պարզ դառնա, որ գործ ունենք տարօրինակ երեւույթի հետ, կետագծերով բերված է այն դինամիկան, որը արձանագրվել է անցած տարվա նույն ժամանակահատվածում: Ինչպես տեսնում ենք, դինական ճիշտ հակառակն է. անցած տարվա առաջին հինգ ամիսներին գները գնալով նվազել են դրան նախորդած տարվա դեկտեմբերի համեմատ: Մինչդեռ այս տարի տեղի է ունեցել ճիշտ հակառակը:

Ինչն է հանգեցնում սննդամթերքի գների այսպիսի կատաղած աճի, դժվար է ասել: Համենայն դեպս ոչ մի իրավասու մարմին դեռ չի պարզաբանել այս փաստը: Իրավիճակը էլ ավելի տարօրինակ է դառնում, երբ հաշվի ենք առնում սննդամթերքի գների դինամիկան աշխարհում: Ըստ ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների, այս տարվա առաջին ամիսներին ընդհանուր առմամբ պարենամթերքը աշխարհում էժանացել է:

Եթե աշխարհում պարենամթերքը էժանանում է, իսկ մեր արժույթը` դրամը էականորեն չի արժեզրկվել այս ամիսների ընթացքում, ապա գների բարձրացումը կարող է ունենալ միայն մի բացատրություն` գնողունակ պահանջարկի կտրուկ աճ: Այսինքն՝ մարդիկ անսպասելիորեն հարստացել են: Բայց դա նախ չի երեւում մեր նույն այդ պաշտոնական վիճակագրությունից: Եվ բացի այդ, գնողունակ պահանջարկի կտրուկ աճը պետք է հանգեցներ նաեւ ոչ պարենային ապրանքների եւ ծառայությունների թանկացմանը: Մինչդեռ ԱՎԾ-ի զեկույցի համաձայն` տեղի է ունեցել հակառակը` թե՛ ոչ պարենային ապրանքները, եւ թե՛ ծառայությունները այս ընթացքում էժանացել են:

Մի խոսքով, սննդամթերքի գների այսպիսի բարձրացումը խիստ տարօրինակ է եւ չկա տնտեսական որեւէ պատճառ այդպիսի երեւույթի հիմքում: Թե որն է դրա պատճառը, թերեւս պետական գերատեսչությունների պարզաբանվելիք խնդիրն է:

Նյութի աղբյուրը՝ Armtimes.com