Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նկուղում մահացած հայտնաբերված 57-ամյա տղամարդը բուժվելիս է եղել հիվանդանոցում: NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ հունիսի 14-ին, բժշկական կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գագիկ Մանուկյանը նշեց, որ հիվանդը Վերակենդանացման բաժանմունք էր ընդունվել դեպքի նախորդ օրը:

«Սրտային, շնչառական հիվանդությամբ է ընդունվել հիվանդանոց: Պառկած է եղել Վերակենդանացման բաժանմունքում, առավոտյան տեսել ենք անկողնում չէ, սկսել ենք փնտրել: Սուր ինֆարկտ է գրանցվել մոտը, թոքը` քայքայված, եթե նույնիսկ բաժանմունքում մնար, անկողնու մեջ կմահանար»,-նշեց փոխտնօրենը:

Գագիկ Մանուկյանի խոսքով, հիվանդանոցը տեսահսկվում է. տղամարդուն փնտրելիս տեսագրությունների միջոցով պարզել են, որ նա բաժանմունքից դուրս է եկել, բայց շենքից` ոչ, ավելի ուշ պարզվել է, որ նա իջել է նկուղ: Նա նշեց, որ հիվանդը իջել է նկուղ, սակայն, ճանապարհը կորցրել է եւ չի կարողացել վերադառնալ հիվանդասենյակ, ավելի ուշ նրան այնտեղ մահացած են հայտնաբերել: Նրա խոսքով, դեպքի վերաբերյալ անմիջապես ահազանգել են ոստիկաություն. «Արագ զանգել ենք ոստիկանություն, տեղեկացրել ենք, ոչինչ չենք թաքցրել»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի նկուղում տղամարդու դի է հայտնաբերվել: