«168 ժամ» թերթը գրում է. «Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները սահմանվում են Հայաստանի կողմից՝ կապված ձեր երկրի քաղաքականության հետ։ Հայաստանն է որոշում՝ ինչպես է համագործակցել ՆԱՏՕ-ի հետ։ Եվ մենք համագործակցում ենք այն բոլոր գործիքների միջոցով, որ ունենք։ Հայաստանը գործնականում բոլոր ձեւաչափերով մասնակցում է ՆԱՏՕ-ի միջոցառումներին, դուք զինվորներ եւ սպաներ ունեք Աֆղանստանում, Կոսովոյում, դուք մասնակցում եք Օպերատիվ կարողությունների հայեցակարգով նախատեսված միջոցառումներին, որը թույլ է տալիս օգնել եւ նախապատրաստել ռազմական միավորները խաղաղապահ գործողություններին, դուք մասնակցում եք այլ տարբեր ռազմական ֆորմատների ծրագրերի, ինչպես, օրինակ, Ռազմական կրթության զարգացման ծրագիրը, պլանավորման եւ վերանայման գործընթացը, Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը, եւ այլն։

Շուտով մենք կունենանք Հայաստանի հետ Վստահության նոր հիմնադրամ, որը կառավարելու է ՆԱՏՕ-ի աջակցության գործակալությունը։ Դրա շրջանակներում նախատեսվում է իրականացնել երկու ծրագիր՝ ոչնչացնել ոչ պիտանի շուրջ 130 զրահամեքենաներ: Հուսով ենք, որ դա կսկսվի հնարավորինս շուտ։

Այդ ծրագրի մեկնարկի համար գերմանական կառավարությունը հատկացրել է ավելի քան 1 մլն եվրո։ Ներկայումս ընթանում են իրավական պայմանագրի կնքման շուրջ վերջնական բանակցությունները, որպեսզի սկսենք նախագիծը։ Այսինքն՝ այն շատ շուտով կմեկնարկի։ Երկրորդ մասը վերաբերում է մարդասիրական ականազերծմանը եւ սահմանամերձ համայնքներում մարդկանց իրազեկության մեթոդների կատարելագործմանը։ Սա բոլորովին նոր նախագիծ է Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համար, եւ առաջին անգամ է, որ Հայաստանը կունենա Վստահության հիմնադրամ»,- «168 ժամ»-ին ասել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչ, Վրաստանում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Վիլյամ Լահուն՝ անդրադառնալով Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկայիս մակարդակին։

Ըստ նրա՝ ՆԱՏՕ-ն անցած տարի Հայաստանի հետ նաեւ սկսել է անհատական ուսուցման նոր նախագիծ՝ օգտագործելով ՀՀ-ում Ամերիկյան համալսարանի հնարավորությունները՝ Հայաստանի տարբեր պետական կառույցներում ընդգրկված անձանց համար հանրային կառավարման շրջանակներում առաջնորդության դասընթացներ անցկացնելու համար, նաեւ համագործակցում է պաշտպանության, անվտանգության ոլորտում, որը նույնպես նորություն է.

«Այսինքն՝ մենք նախաձեռնություններ ունենք Հայաստանում նոր նախագծեր սկսելու, բայց համագործակցությունն է՛լ ավելի ընդլայնելու համար մենք կարիք ունենք Հայաստանի կողմից նոր մոտեցման, նոր հայեցակարգի, թե որքան սերտ հարաբերություններ եք դուք ցանկանում ունենալ ՆԱՏՕ-ի հետ։ Հայաստանը չի ցանկանում դառնալ ՆԱՏՕ-ի անդամ այնպես, ինչպես Վրաստանն է պատրաստվում անդամակցել մեր դաշինքին։

Եվ քանի որ Վրաստանը հայտ է ներկայացրել ՆԱՏՕ-ի անդամ դառնալու, նա ավելի շատ ուղղություններով համագործակցելու գործիքներ ունի։ Եթե Հայաստանը ի վերջո, որոշի անդամակցել ՆԱՏՕ-ին, դա, բնականաբար, կավելացնի համագործակցության հնարավորությունները, օրինակ՝ հայ խաղաղապահների քանակը ՆԱՏՕ-ում, Դաշինքում ձեր անձնակազմի պաշտոնները, եւ այլն։ Բայց դա Հայաստանի որոշելիքն է՝ որքան սերտացնել հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում