Ռուսաստանի Դաշնության Տուլայի շրջանում հունիսի 18-ին, վթարված Երեւան-Մոսկվա միկրոավտոբուսի վարորդ Կարապետ Մողրովյանը հրաժարվել է բուժօգնությունից եւ գիշերն անցկացրել ոստիկանությունում, քանի որ այլ տեղ չի ունեցել գնալու համար: Այս մասին NEWS.am-ին ասաց «Քոչար տուր» ընկերության տնօրեն Արամ Քոչարյանը, որին է պատկանում վթարված մեքենան:

«Կարապետի հետ խոսել եմ, ինքը պատմել է, որ ԿԱՄԱԶ-ը կանգնած է եղել եւ կտրուկ տեղից պոկվել է, Կարապետն էլ հնարավորություն չի ունեցել փախցնելու, որովհետեւ կողքից այլ մեքենաներ է ընթացել, փորձել է կանգնեցնել մեքենան ու հարվածել է ԿԱՄԱԶ-ին: Միեւնույն գծով էին ընթանում, այնպես չէ, որ Կարապետը դուրս է եկել իր գծից»,- ասաց Արամ Քոչարյանը:

Ընկերության տնօրենը պատմեց, որ վթարի հետեւանքով մահացած Նասիրով Օթարը, որը Ռուսաստանի քաղաքացի է, նույնպես իր վարորդներից է եղել, Կարապետ Մողրովյանի հետ միասին էին Մոսկվա գնում: Նշենք, որ այս ընկերությունը ոչ կանոնավոր ուղեւորափոխադրումներ էր իրականացնում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 18-ին М-4 մայրուղու վրա, Վենեւսկի շրջանի Կոնչինկա բնակավայրի մերձակայքում (Տուլայի երկրամաս) բախվել են միկրոավտոբուսը եւ ԿԱՄԱԶ մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետեւանքով կա 1 զոհ, 9 վիրավոր: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: