Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, բացօթյա ապօրինի առեւտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն եւ ապամոնտաժվել լքյալ 5 կրպակ: Հանձնարարվել է շարունակել հսկողությունը, ինպես նաեւ ակտիվացնել աշխատանքները լքյալ եւ չգործող կրպակների ապամոնտաժման ուղղությամբ:

Ֆիրդուսի տոնավաճառի առեւտրականներին այլ տոնավաճառներում տեղավորելու աշխատանքների հետ կապված էլ զեկուցվել է, որ արդեն այսօրվանից 20 առեւտրականներ կտեղափոխվեն այլ տոնավաճառներ, իսկ մյուսների հետ բանակցությունները դեռեւս շարունակվում են: Նշվել է, որ մինչեւ այս շաբաթվա վերջ նախատեսվում է լուծել եւս 30 առեւտրականների տեղափոխման հարցը:

Ապօրինի շինարարությունների եւ հողազավթումների կանխման ու դրանց հետեւանքների վերացման ուղղությամբ իրականացված ամենօրյա հսկողության արդյունքում նախորդ շաբաթ հայտնաբերվել է իրավախախտման 6 դեպք: Զեկուցվել է, որ նախկինում արձանագրված 2 հասցեներում էլ կատարվել են քանդման աշխատանքներ:

Ոչ սահմանված վայրերում աղբը թափելու դեպքերի հայտնաբերման եւ կանխման ուղղությամբ իրականացվող ամենօրյա հսկողության արդյունքում էլ նախորդ շաբաթ իրավախախտների նկատմամբ կազմվել է 16 վարչական արձանագրություն: Հանձնարարվել է շարունակել ամենօրյա հսկողությունը:

Աշխատակազմի բնապահպանության վարչության պետը զեկուցել է, որ մայրաքաղաքում շարունակվում են այգիների, պուրակների, ընդհանուր օգտագործման տարածքների մաքրման, ինչպես նաեւ Երեւան քաղաքի մուտքերի հարակից տարածքների ծաղկապատման ու կանաչապատման աշխատանքները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել հետեւողական աշխատանքներ տանել մասնավորապես ծաղկապատ տարածքների խնամքը եւ ոռոգման ցանցի անխափան շահագործումն ապահովելու ուղղությամբ: