Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի ներկայիս օրհներգը օրհներգ չէ, ողբերգ է, ընդ որում` ողորմելի: Իր հերթին` Ազնավուրի «Քեզ համար Հայաստան»-ը փոփ եղերերգ է: Որպես կոմպոզիցիա բավական հաջողված է և հուզիչ, բայց ոչ մի պարագայում այն չի կարելի օրհներգ դարձնել: Անթույլատրելի է Հայաստանը իր ողբերգության կապակցությամբ գրված երգով «օրհնելը»:
Օրհներգերը ո'չ ողորմելի հնչողություն և ո'չ էլ փոփ գործեր պետք է լինեն: Օրհներգը երկրի և ժողովրդի ոգին է մարմնավորում ու եթե անգամ դրանք հիմա ժամանակավորապես ոչնչացված են` այնուամենայնիվ դա չի նշանակում, որ ազգային-պետական խորհրդանիշերն էլ պետք է այդ մակարդկում լինեն:
Այդ առումով ուղղակի ապշեցուցիչ է, որ Արամ Խաչատրյանի պես մեծության կողմից գրված հանճարեղ ոգեղենություն և ուժ պարունակող հիմնը կարող է անտեսվել: Միայն անմիտ հասարակությունը կարող է անարգել այդ հանգամանքը և քննարկել օրհներգի պահանջներին չհամապատասխանող ինչ-որ հաջողված կամ անհաջող այլ գործեր: Սարմենի բառերը հեշտ է փոխարինելը, և հանճարեղ հիմն ստանալը երաշխավորված է:
Բայց հաշվի առնելով մեր այսօրվա վիճակն ու մակարդակը` Ազնավուրի եղերերգը մեծ շանսեր ունի անցնելու, նամանավանդ, որ ըստ նրա` երկրի ղեկավարությունը համաձայն է: Ու մինչ երկիրը կվերագտնի իր նախկին ոգին, մակարդակն ու ուժը` մեր վզին փաթաթելու են Հայաստանի խղճուկ առաջին հանրապետության ոչինչ չասող ու անիմաստ եռագույն դրոշը, Սարյանի զինանշանին մեծապես զիջող կոջոյանական միջակ սիմվոլը և եղերերգ-փոփ ստեղծագործություն հիմներգը»: