Էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումները կլինեն այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան: Այս մասին, այսօր՝ հունիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:

«Հայաստանը մեծ ներուժ ունի վերականգնվող էներգետիկայի ոլորտում եւ ամերիկյան ընկերությունների, ներդրողների շրջանում մեծ է հետաքրքրությունն այս ոլորտի նկատմամբ»,-ընդգծել է ԱՄՆ դեսպանը:

Նրա խոսքով, այս ամիս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի հետ տեղի են ունեցել մի շարք օգտակար հանդիպումներ, որի ժամանակ նախարարը ներկայացրել է երկու ներդրումային ծրագիր. մեկը վերաբերում է կոշտ թափոնների մշակման միջոցով էներգիայի արտադրությանը. «Մենք այդ առաջարկներն այժմ ներկայացնում ենք ամերիկյան ներդրողների ուշադրությանը»:

Անդրադառնալով Հայաստանում վերականգնվող էներգետիկայի բնագավառում 8 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրին, դեսպան Միլսը նշել է, որ խոսքը ներուժի, հնարավոր ներդրումների մասին է, որը հնարավոր կլինի այն դեպքում, երբ էներգետիկ շուկան լիովին ազատ լինի, եւ հնարավոր լինի էլեկտրաէներգիա արտահանել Վրաստան, Իրան. «Դա հնարավոր կլինի ենթակառուցվածքների առկայության դեպքում»: Նրա խոսքով, Էներգետիկայի ոլորտում 8 մլրդ դոլարի հնարավոր ներդրումային ներուժի մասին ցուցանիշը հաշվարկվել է Էներգետիկայի նախարարության կողմից. «Մեր գնահատումները դեսպանությունում նույնպես հաստատում են, որ կա այդպիսի ներուժ»: