1in.am-ը գրում է.

Հունիսի 21-ին Ազգային ժողովում մեկնարկելիք կառավարության ծրագրի քննարկումն ինդիկատոր է լինելու: Քննարկման ելքն, իհարկե, որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում՝ ՀՀԿ-ն ունի բավարար ձայներ կառավարության ծրագիրը անցկացնելու համար և կանցկացնի՝ կասկած չկա:

Տվյալ պարագայում խնդիրն այն է, թե կառավարության ծրագրի քննարկումներն ինչ տոնայնությամբ են ընթանալու և ինչ դիրքավորումներով: Այս տեսանկյունից է, որ ծրագրի քննարկումը լինելու է ինդիկատոր մի շարք իրողությունների՝ թե՛ իշխանության, թե՛ ընդդիմության մասով:

ՀՀԿ-ն կքվեարկի, խոսք չկա, բայց քննարկումների շեշտադրումները, հնչելիք հարցերը, ելույթները հետաքրքիր են լինելու՝ հասկանալու համար, թե իրականում ՀՀԿ-ում և ընդհանրապես խորհրդարանում որքանո՞վ մեծամասնություն ունի Կարեն Կարապետյանը, խորհրդարանը նրա՞ հենարանն է, թե՞ Սերժ Սարգսյանի:

Դեռևս ընտրությունից առաջ առիթներ ունեցել ենք գրելու, որ նոր խորհրդարանը, իրականում ունենալով դե յուրե մեծամասնություն, դե ֆակտո այլ մեծամասնության խորհրդարան է լինելու: Կառավարության ծրագրի քննարկումը ըստ ամենայնի եթե ոչ՝ լիարժեք բացահայտելու, ապա ուրվագծելու իմաստով, իհարկե, կերևակի այդ դե ֆակտո մեծամասնությունը՝ ցույց տալով, թե ինչ ռեսուրս ունի 2018-ի համար Կարեն Կարապետյանը, և ինչ ռեսուրս ունի Սերժ Սարգսյանը: Ոչ միայն իշխանության, այլ նաև ընդդիմության դաշտում՝ «Ծառուկյան» դաշինքն ու «Ելք»-ը առանձին դիտարկումներով:

«Ծառուկյան» դաշինքի մասով թեև ամեն ինչ շատ ավելի պարզ է դարձել վաղուց, դեռևս մանդատների բաժանման հայտնի պատմությունից, և ակնհայտ է, որ այստեղ Սերժ Սարգսյանը լիովին տիրապետում և վերահսկում է իրավիճակը: Հետաքրքիր է, թե ինչպիսի դիրքորոշում է ունենալու «Ելք» դաշինքը: Խնդիրը վերահսկելի կամ անվերահսկելի լինելը չէ, իհարկե, պարզապես կառավարության ծրագրի քննարկումը զգալիորեն կնախանշի, թե ինչ պատկերացումներ ունի իշխանությունը այդ դաշինքի առավել երկարաժամկետ քաղաքական դերակատարման մասով, և ինչ պատկերացում կա այդ մասով հենց դաշինքում:

Ի վերջո, հիշենք, որ կառավարության ծրագրի քվեարկությունը մի անգամ եղել է դաշինքի ներկայիս երկու առաջնորդների միջև բուռն բանավեճի առարկա, երբ Նիկոլ Փաշինյանը Էդմոն Մարուքյանին մեղադրում էր անկախ պատգամավոր եղած ժամանակ կառավարության ծրագրին կողմ քվեարկելու համար: Մինչդեռ արդեն նոր խորհրդարանում դաշինքի կարգավիճակով նրանք կողմ քվեարկեցին կոռուպցիայի դեմ պայքարի նոր կառույցի ստեղծման կառավարական նախաձեռնությանը: Բացատրությունը, որ այդ կապակցությամբ տվեց «Ելք»-ը, հասկանալի է, բայց անհասկանալի կլինի, եթե նույն տրամաբանությունը չգործի նաև կառավարության ծրագրի դեպքում: Չէ՞ որ դա էլ գործնականում, այսպես ասած, չեղածից լավ է կամ մեկ քայլ առաջ:

Մյուս կողմից՝ ընդդիմությունը իշխանության քայլերի հաշվապահության համար չէ, այլ հանրությանը սկզբունքային այլընտրանքներ ներկայացնելու: Այդ իմաստով առայժմ՝ նոր խորհրդարանի ձևավորումից արդեն մոտ երեք ամիս անց, Հայաստանի խորհրդարանում գործնականում չկա ընդդիմություն՝ քաղաքական, գաղափարական ընդդիմություն: Կառավարության ծրագրում չկան ընդդիմություն ստեղծելու մասին կետ և ժամկետներ, բայց ծրագրի խորհրդարանական քննարկմանն առնչվող էական հարցերից մեկն էլ այն է, թե արդյո՞ք ծրագիրը այդպիսով ցույց կտա խորհրդարանում ընդդիմության սահմանը, թե՞ այն կշարունակի մնալ հարաբերական:

Նյութի աղբյուրը՝ 1in.am