Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ այսօր՝ հունիսի 22-ին, խորհրդարանում լարվածությունը հասավ գագաթնակետին. վիճեցին ՀՀԿ եւ «Ելք» խմբակցության ղեկավարները՝ Վահրամ Բաղդասարյանն ու Նիկոլ Փաշինյանը:

ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն իր ելույթը նվիրեց Նիկոլ Փաշինյանի եւ թիմակիցների հնչեցրած մեղադրանքներին: Նա հռետորական հարց ուղղեց՝ իրենք գիտե՞ին ընտրություններից առաջ, թե ով է լինելու խմբակցության ղեկավարը, կամ ով է լինելու ցուցակի առաջին համարը:

«Նորաթուխ պատգամավորները հեգնանքով էին խոսում փորձառու վարչապետի մասին: Հիշեք Վահան Հովհաննիսյանի «պոդեզդի» մասին պատմությունը»,- ընդդիմադիր գործընկերներին հորդորով դիմեց Վահրամ Բաղդասարյանը:

Այս հայտարարությունը հունից հանեց Նիկոլ Փաշինյանին. «Էսպիսի բաներ մեր մասին չասեք, շշով կտամ, պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք…»:

Վահրամ Բաղդասարյանը հորդորեց կարգի հրավիրել «այդ երիտասարդին»: Նիկոլ Փաշինյանն ավելի բորբոքվեց: Կրքերը հանդարտեցրեց Արա Բաբլոյանը:

Հիշեցնենք, որ 2013-ի մայիսին կառավարության ծրագրի մասին ելույթ ունենալիս ՀՅԴ-ական պտգամավոր Վահան Հովհաննիսյանը դիմելով իշխանություններին, ասել է. «Ձեր մեջ կան մարդիկ, որոնք չարախնդում են ընդդիմության պառակտումների վրա, առաջին հանրապետության անկումի վրա: Ես ուզում եմ հարց ուղղել պարոն Աշոտյանին, նրա հարեւան պարոն Թովմասյանին, մի շարք այլ նախարարների եւ կառավարության անդամների՝ դուք որ առանձին մի տեղ ձեր թեկնածությունը ընտրությունների ժամանակ դնեք, ձեզ չպաշտպանի ՀՀ նախագահը, Հովիկ Արգամիչը, ՀՀ ոստիկանապետը, դատախազը եւ հայկական բանակը, դուք քանի՞ ձեն կհավաքեք: Ձեզ էնքան կծեծեն դալաններում, որ ոչ միայն ԱԺ չեք գա, այլ դուք կարտագաղթեք: Տղերք, դուք ոչ մեկդ չեք կարողանա մեր ժողովրդի մեջ մի ձայն հավաքել»: