Փաստաբանների պալատի մի խուրմբ ղեկավար անձանց կողմից ապրիլի 27-ին ծեծի ենթարկված փաստաբան Արմեն Սողոմոնյանը որպես մեղադրյալ հրավիրվել է հարցաքննության:

Քննիչի ուղարկած ծանուցագիրն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որի փաստաբանական գրասենյակում էլ հենց ՓՊ ղեկավար անձինք հարձակվել եւ ծեծել էին իրեն եւ Սողոմոնյանին:

«Դե երևի ես էլ շատ արագ կմիանամ այդ կարգավիճակին: Ստորության սահման չկա՝ պնդուկիզմի հաղթանակ: Շատ շնորհակալ ենք Հայաստանի Հանրապետության քաղաքական ռեժիմից և իշխանություններից, բոլոր անմիջական մասնակիցներին մաղթում ենք նույնպիսի հարձակում ձեր բնակարանների վրա և այսպիսի վերաբերմունք դրանից հետո»,- գրել է Տիգրան Աթանեսյանը, որն էլ որպես կասկածյալ է հրավիրվել հարցաքննության:

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Տիգրան Աթանեսյանն ու Արմեն Սողոմոնյանը հարձակման էին ենթարկվել Փաստաբանների դպրոցի տնօրեն, խորհրդի անդամ Սիմոն Բաբայանի, ՓՊ նախագահի խորհրդականներ Վրեժ Խաչիկյանի, Գեւորգ Մկրտչյանի եւ փաստաբան Արսեն Հարությունյանի կողմից։ Աթանեսյանն ու նրա ընկերները հարձակման պատասխանատու համարում են ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանին։