ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի կանխատեսմամբ՝ ՀՀԿ–ն իշխանություն կլինի մինչեւ 2040 թվականը։ NEWS.am-ի հետ հարցազրույցում պատգամավորը փորձել է կանխատեսել նաեւ, թե 2018 թվականից վարչապետ Կարեն Կարապետյանն ու նախագահ Սերժ Սարգսյանը ինչ պաշտոն են զբաղեցնելու։

Պարոն Սահակյան, հաստատվեց կառավարության ծրագիրը, որը «Ծառուկյան» եւ «Ելք» խմբակցությունները բուռն քննադատեցին՝այն համարելով թույլ, ոչ իրատեսական։ Դուք դա համարո՞ւմ եք իրատեսական եւ ի՞նչ ունեք ասելու Ձեր ընդդիմախոսներին։

Ասեմ հետեւյալը. իրոք, ընդդիմախոսներից 2–3 մարդ կար, որ կարդացել էր ծրագիրը եւ փորձում էին էդպես հանդես գալ։ Կային ելույթներ, քննադատություն, որը հետագայում կառավարությունը կարող է նայել, բայց հիմնականում ընդդիմությունը ոչ թե ծրագիրն էր փորձում քննադատել կամ որոշակի փոփոխության ենթարկել, այլ յուրաքանչյուրն իր խոսքն էր ասում։ Օրինակի համար, «Ելք» դաշինքը պարզապես քննադատում էր երկրի նախագահին։ Սա էր «Ելք» դաշինքի վերջին խոսքը։ «Ծառուկյան» դաշինքը, էսպես ասեմ, քննադատում էր վարչապետին։ Այսինքն՝ ամեն մեկը մի ուղղվածություն էր վերցրել, որը քաղաքական դաշտում նշանակություն չունեցող խնդիր է։ Եթե ես հնարավորություն ունենայի այդ պահին խոսելու, այդ խոսքը կասեի մինչեւ վերջ, որովհետեւ բոլորին էլ ճանաչում եմ ի սկզբանե, որոնք եղել են քաղաքականության մեջ։

Ուզում եք ասել՝ ըստ էությա՞ն չէին քննադատում ծրագիրը, անձնավորե՞լ էին։

Միայն անձնավորելու համար... ծրագրի որոշակի քննադատություններ կամ մոտեցումներ չէր ձեւավորվում, ծրագիրը բավականին լավն էր, խորը ծրագիր էր, առնվազն սկսել էին քննադատել, թե վարչապետը ով կլինի: Չմտածելով վարչապետին հարցնում են՝ Դուք հետագայում վարչապետ կլինե՞ք, թե չէ։ Պատկերացնո՞ւմ ես՝ եթե նրանցից յուրաքանչյուրին հարցնես՝ Դուք մյուս տարի կլինե՞ք, թե չէ։ Վերջին հաշվով վարչապետին ընտրում է քաղաքական մեծամասնությունը։ Ես կասեի՝ վարչապետը շատ լավ է իր գործը կատարում եւ ծրագրի հիմնական ուղղորդողը լինելու է վարչապետը։ Բայց անընդհատ կիսատ–պռատ ընդդիմություն լինելով՝ փորձել վարչապետին ասել, որ տրամադրությունը ընկած է, սկզբից, որ եկել էր, ավելի խրոխտ էր խոսում, սրանք քաղաքական պրյոմներ են, որոնք ոչ ժամանակակից են: Դրանք ժամանակին ազդել են, քաղաքական պրոցեսներում սրանից 10–15 տարի առաջ դա բավականին ազդեցություն է ունեցել, իսկ այսօր չունի։ Մանավանդ որ մարդիկ խոսում են ու քվեարկում են դեմ՝ մտածելով, որ էսպես թե էնպես, այս ծրագիրն անցնելու է։ Ընդդիմության երկու ճակատն էլ փորձեցին ինչ–որ ժամանակների քաղաքական գործիչներին փոխարինող դերակատարում կատարել։

Դուք ասացիք՝ կիսատ–պռատ ընդդիմություն,. Ձեր կարծիքով, այսօրվա խորհրդարանը չունի՞ լիարժեք ընդդիմություն։

Լիարժեք ընդդիիմության գործիչներ կան, որոնք, իհարկե, այսօր որպես այդպիսին, բացարձակ չեն ներկայացնում իրենց գործունեությունը, բայց ընթացքում կներկայացնեն։ Իսկ ընդդիմադիր թիմերը, որոնք ընդդիմանում են նոր գաղափարներ տալու ժողովրդին, որ հետագայում նաեւ իշխանություն վերցնեն, դեռեւս այդպիսի թիմեր չունենք։

Պարոն Սահակյան, մասնավորապես «Ելք» խմբակցության համար շատ կարեւոր է՝ ով է այդ ծրագիրը շարունակելու իրագործել 2018 թվականից հետո։ Ձեր կարծիքով, ո՞վ է լինելու:

Ծրագիրը իրականացնելու է մեր կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, բուն էությունը դա է։ Իսկ ինչ վերաբերում է, թե հիմնական գործողություններ կատարողը ով պիտի լինի, բնականաբար, ես ենթադրում եմ, որ մինչեւ վերջ լինելու է վարչապետը։ Էնպես չի, որ էսօր իմանան, թե 2018–ին ով է լինելու կամ 30–ական թվականներին ով է վարչապետ լինելու։

Դահլիճի քննարկումներից այնպիսի տպավորություն էր, որ ՀՀԿ-ում էլ էն համարում, որ Կարեն Կարապետյանը հեռացող վարչապետ է։

Մարդիկ եկել են Ազգային ժողով, խոսակցություն չի գնացել՝ ով, երբ ինչ պիտի լինի, կամ առաջիկայում ինչպես պետք էլինի։ Մենք ներկայացրել ենք՝ երբ գնացել ենք ընտրությունների, որ մեր վարչապետը Կարեն Կարապետյանն է լինելու։ Դուք մտածում էիք, որ ընդդիմությունը հարձակում է անում, ու մենք ընդմիջում պիտի վերցնեինք եւ գնայինք որոշեինք, որ Կարեն Կարապետյանը 2018–ին վարչապետ է լինելո՞ւ։ Ընդդիմությունը էդ դեպքում կո՞ղմ էր քվեարկելու։ Դա ընդդիմության խաղն է ընդամենը՝ չմտածելով, որ այդ խաղերը մենք վաղո՜ւց տեսել ենք արդեն, որովհետեւ մենք գալիս ենք 90–ականներից եւ մի քիչ էլ առաջ ու բոլոր այդ խաղերը տեսել ենք։

Պարոն Սահակյան, ամեն դեպքում տպավորություն էր, որ ՀՀԿ–ականները պատշաճ չպաշտպանեցին Կարեն Կարապետյանին՝ անհայտ թողնելով հաջորդ վարչապետի ով լինելը, Ձեզ համար, օրինակ, էակա՞ն է՝ ով կլինի վարչապետ։

Ինձ համար էական չէ՝ ով կլինի, մարդիկ մտածում են հետեւյալ կերպ՝ ում որ շատ հարգում ես կամ սիրում ես, ինքը պիտի լինի վարչապետ կամ ամենա ամենաինչը։ Մեկին կարող եք հարցնել ու ասի՝ իր եղբայրը պիտի լինի վարչապետ, ես էլ ասում եմ՝ Կարեն Կարապետյանը շատ հզոր տղա է։

Կցանկանայի՞ք նրան տեսնել վարչապետ նաեւ 2018 թվականից հետո։

Իհարկե, կցանկանայի տեսնել նրան վարչապետ, եթե այս ծրագիրը, որը ընդունել ենք, գործողության մեջ դրվի, իհարկե, ես գիտեմ, որ գործողության մեջ դրվելու է։ Միշտ խոսում են էդ իմաստով ու ասում՝ ով պիտի ղեկավարի պետությունը, ասում եմ՝ պետությունը պիտի ղեկավարի Սերժ Սարգսյանը։

Բայց 2018 թվականից հետո վարչապետն է ստանալու երկիրը ղեկավարելու լծակները...

Դա էն չի, որ հիմա նստենք մտածենք՝ ինչը ոնց է, կամ ես ինչպես եմ մտածում: Ես ասում եմ հետեւյալը՝ այսօր Հայաստանում չկա որեւէ այլ քաղաքական գործիչ, որն ավելի մեծ թիմ ունենա եւ մասնակցած լինի Հայաստանի անկախացման ամբողջ պրոցեսին եւ պատասխան տա անկախության համար։ Չկա քաղաքականության մեջ նման անձնավորություն, միգուցե նման անձնավորություններ կան, որ մասնակցել են ամեն ինչին, բայց նրանք քաղաքական այսօրվա երեւույթներին դեռեւս մասնակից չեն, դրա համար երկիրը պիտի ղեկավարի Սերժ Սարգսյանը։ Թե կառավարության ծրագիրը վարչապետը կկատարի, ինչպես կկատարի, որ ժամանակ կկատարի, երբեք մի մտածեք, որ վարչապետը մտածում է, որ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանը պետք է չլինի։

Ասում եք՝ երկրի ղեկավարը պետք է լինի Սերժ Սարգսյանը, բայց 2018–ից վարչապետն է լիազորվելու երկիրը ղեկավարելու լծակներով, ուզում եք ասել՝ Սերժ Սարգսյա՞նն է լինելու վարչապետը։

Ես Սերժ Սարգսյանին որեւէ բան չեմ ասում՝ ինչ է լինելու, ես ասում եմ՝ պետության ղեկավարն է լինելու...

Սահմանադրությամբ՝ պետության ղեկավարը լինելու է վարչապետը:

Պետության ղեկավարը լինելու է խորհրդարանը, որովհետեւ մենք անցնելու ենք խորհրդարանական կառավարման ձեւի, երկրի հիմնական դեմքը խորհրդարանն է, վարչապետը վեց ամիսը մեկ գալու է զեկուցելու, եթե խորհրդարանը նրա զեկույցը դրական ընդունի, նա շարունակելու է աշխատել: Մեզանում մտածում են՝ երկրի ղեկավարը մեկը պետք է լինի ու ժողովուրդը ցույց տա, ասի՝ սա է երկրի ղեկավարը։

Դուք ասում եք՝ Սերժ Սարգսյանը պետք է ղեկավարի երկիրը, ի՞նչ ձեւաչափով, եթե չլինի վարչապետ։ Օրինակ, կուսակցության գրասենյակի՞ց է ղեկավարելու։

Կան ինստիտուտներ տարբեր ձեւով, կարելի է որոշել: Այդպես չի, որ ես պիտի որոշեմ, թե դա ինչպես պետք է լինի։ Դրա համար էլ ասում եմ՝ ձեւը ինձանից մի հարցրեք, վարչապետ է լինելու, ինչպես է լինելու, որովհետեւ այդ ամեն ինչը մտածողության արդյունք է, եւ ես չեմ էլ մտածում, որ այս պահին պիտի մտածեմ՝ դա ինչպես է լինելու։

Խորհրդարանի անդրանիկ նիստում Սերժ Սարգսյանի ելույթում իշխանության անելիքների ժամանակահատվածը ձգվում էր մինչեւ 2040 թվականը, կարծում եք՝ մինչ այդ իշխանությա՞ն եք լինելու։

Կարծում եմ, որ Հանրապետականը նորից քաղաքական ղեկավար կլինի։

Մինչեւ 2040 թվակա՞նը..

Այո...

Ինչո՞ւ...

Պատասխանեմ Ձեզ, իհարկե, մի քիչ հումորով պատասխանեմ, մի քանի անգամ ասել եմ, Ձեզ էլ ասեմ՝ մենք ամենալավը չենք, բայց մեզնից լավը դեռեւս չկա հասարակության մեջ, երբ կլինի մեզնից լավը, նա էլ կղեկավարի երկիրը։

Նյութի աղբյուրը՝ news.am