«Ե՛վ քառօրյա պատերազմի շրջանում, և՛ դրանից հետո, և՛ ուղիղ շփումների ժամանակ, և՛ Հայ-ռուսական միջխորհրդարանական հանձնաժողովի քննարկման ժամանակ, և՛ երբ մենք մեր ռուս գործընկերների հետ խորհրդարանական մակարդակով շփվել ենք, և՛ Նարիշկինի Հայաստան այցի ժամանակ, այսինքն՝ այդ հարցը մշտապես հայ պատգամավորները, եթե խոսքը վերաբերում է խորհրդարանին, թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության ներկայացուցիչներն այդ հարցը մշտապես բարձրացրել են։ Ռուսաստանի պատասխանը լսել եք ոչ մեկ անգամ, ՀՀ համապատասխան կառույցները մշտապես դրա մասին խոսել են՝ և՛ Արտգործնախարարությունը, և՛ Պաշտպանության նախարարությունը, նախ և առաջ՝ դրա մասին խոսել է ՀՀ նախագահը։

Այսինքն՝ մենք մեր կարծիքն արտահայտել ենք, և չեմ կարծում, որ մեր կարծիքը փոխվել է, մասնավորապես՝ իմ կարծիքը չի փոխվել։ Բնականաբար, մենք չենք կարծում, որ Ադրբեջանն այն երկիրն է, որը կարող է այդ զենքերն օգտագործել ինքնապաշտպանության, և ոչ թե՝ հարձակման համար»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Ռուսաստանից Ադրբեջանին նոր սպառազինության հերթական խմբաքանակի մատակարարման փաստը։

Ըստ նրա՝ Ադրբեջանը մի պետություն է, որը Թուրքիայի հետ մեկտեղ՝ մեր տարածաշրջանում անվտանգության ուղիղ սպառնալիք է։ Է. Շարմազանովի կարծիքով՝ ուշ թե շուտ դա բոլորը հասկանալու են։

«Ես հայ-ռուսական հարաբերությունները չեմ ուզում կապել Ռուսաստան-Ադրբեջան, Ռուսաստան-Վրաստան, Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ես նույն կարծիքին եղել եմ մշտապես։

Ադրբեջանին ռուսական զենքի վաճառքի հետ մասին, և՛ հրապարակային, և՛ ոչ հրապարակային, ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաները խոսել են ոչ մեկ անգամ։ Բայց եթե խոսքը վերաբերում է հայ-ռուսական ռազմավարական հարաբերություններին, պետք է ասեմ, որ եղած իրավապայմանագրային բազան պետք է զարգանա, և մենք այսօր ունենք շատ բարձր մակարդակի հարաբերություններ և շատ բարձր մակարդակի նաև ռազմական համագործակցություն և՛ պաշտպանության, և՛ տնտեսության, և՛ արտաքին գերատեսչություների ոլորտներում։

Բայց ռուսական զենքի վաճառքն Ադրբեջանին, բնականաբար, չի կարող ողջունվել և դրական արձագանքներ ստանալ մեր կողմից։ Սակայն հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները չպետք է պայմանավորել Ռուսաստանի հարաբերություններով երրորդ երկրների հետ»,- ասաց Է.Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ նոր ստացված սպառազինությունը մոտ ժամանակներս փոխադրվելու է ճակատամերձ գոտի: