Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից բերման է ենթարկվել «Սասնա ծռեր» խմբի անդամ Գագիկ Եղիազարյանի եղբայրը:

Լրագրողների հետ զրույցում փաստաբան Արայիկ Պապիկյանը նշեց, որ երիտասարդին բերման ենթարկելու ժամանակ դատարանից նրան բռնությամբ են դուրս հանել եւ բակում գտնվող փաստաբանները փորձել են քաղաքացուն օգնություն ցուցաբերել, սակայն ոստիկանները հարձակվել են փաստաբաններ Լուսինե Սահակյանի, Արայիկ Պապիկյանի, Ինեսա Պետրոսյանի, Մուշեղ Շուշանյանի, Տիգրան Հայրապետյանի եւ Արա Զաքարյանի վրա: Պապիկյանի խոսքով, ոստիկանները քաշքշել են փաստաբաններին:

«Մեզ մայթի մի մասում սահմանազատեցին, թույլ չտվեցին մոտենալ եւ օգնություն ցույց տալ քաղաքացիներին: Այնուհետեւ նաեւ հարձակվեցին մյուս քաղաքացիների վրա: Այժմ փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Մուշեղ Շուշանյանը ոստիկանության բաժանմունքում են, որ իրավական օգնություն ցույց տան բերման ենթարկված երիտասարդին»,- ասաց փաստաբանը:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռերի» գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 28-ին, բախում էր տեղի ունեցել ամբաստանյալների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել էին ամբաստանյալներ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին եւ Սմբատ Բարսեղյանին: Այս ամենը տեսնելով՝ դահլիճում գտնվող հարազատները սկսել էին գոռգոռալ եւ հարվածել ապակիներին: Կարգադրիչները հեռացրել էին հարազատներից մի մասին:

Բացի դրանից, կարգադրիչները, ինչպես եւ նախորդ անգամներին, փորձել էին խուզարկել պաշտպաններին: Շատերը դա թույլ չէին տվել եւ հրաժարվել մտնել դահլիճ: