Հեղափոխության դեպքում արձագանքը կլինի կոշտ: Այս մասին, այսօր՝ հունիսի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն՝ անդրադառնալով «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի թավշյա հեղափոխություն անելու հայտարարությանը:

«Միշտ ասում էին՝ վաղն է լինելու, հիմա լավ է, որ մի քանի ամիս հետաձգում են, ողջունելի է դա»,-ասաց Դավիթ Հարությունյանը:

Ինչ վերաբերում է հեղափոխության կոչերից անհանգստանալուն, իշխանության ներկայացուցիչը նշեց. «Եթե խոսքը վերաբերում է հեղափոխությանը, յուրաքանչյուր դեպքում արձագանքը կլինի շատ կոշտ, իսկ եթե խոսքն ընդհանրապես ընդդիմադիրների մասին է, եթե կա առողջ քննադատություն, դա ողջուների է եւ ստիպում է իշխանությանն ավելի ճկուն լինել, նկատել բացթողումները»:

Հարցին՝ ի՞նչ նկատի ունի կոշտ արձագանք ասելով, արդարադատության նախարարը պատասխանեց. «Ցանկացած հեղափոխություն, եթե խոսքը բռնի ուժով հեղափոխության մասին է, ենթադրում է բնականաբար ազդելու միջոցներ, որովհետեւ խոսքը վերաբերում է սովորական քրեական հանցագործությանը»:

Նա շեշտեց, որ «թավշյա հեղափոխություն» արտահայտությունն իրեն ոչինչ չի ասում: