Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ տարածաշրջանում կարևորագույն իրադարձություն տեղի ունեցավ, որ Հայաստանում, ինչպես միշտ, անտեսեցին և չհասկացան: Մինչդեռ դա ուղղակի ազդեցություն է ունենալու մեր հայրենիքի ճակատագրի վրա:
Սաուդյան Արաբիայում՝ սքողված և թավշյա հեղաշրջման արդյունքում երեկ ուղղակի թագաժառանգ դարձավ արքայազն Մուհամմադ Բին Սալմանը:
Կիսագրագետ և հավակնոտ մի երիտասարդ, որ մեծապես անկայունացրել է տարածաշրջանը, էլ ավելի խորացրել սաուդական վահաբիստական համաշխարհային օրակարգը և որը տենչում է կործանարար պատերազմի՝ Հայաստանի անմիջական հարևանի հետ:
Անհերքելի է, որ այդ հակամարտությունը, որպես տարածաշրջանային անկայունացման երաշխիք՝ սպառնալիք է նաև Հայաստանի անվտանգությանը:
Բին Սալմանը թագավորության փաստացի ղեկավարն է ու մինչ հայրը՝ թագավոր Սալմանը տառապում է թերմտությունից՝ դեմենթիայից, որդին անհաջող բայց ավերիչ պատերազմ է վարում Եմենում, շարունակում Սիրիայի բզկտումը, Պակիստանի ռադիկալացումը և սուննի ծայրահեղականության նորանոր ավերներով ականապատում ողջ աշխարհը: