Հայտնի են դարձել այսօր՝ հուլիսի 1-ի վաղ առավոտյան Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտ տեղի ունեցած ողբերգական վթարից տուժածների անունները:

Հայաստանի ԱԻՆ-ի փոխանցմամբ, պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 130-րդ կմ-ին բախվել են «Opel Astra» (վարորդ՝ 35-ամյա Արման Օ.) մակնիշի 34 MR 546 եւ «Nissan Elgrand» մակնիշի 35 AS 204 (վարորդ՝ 30-ամյա Վիգեն Ս.) համարանիշերի ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի ուղեւոր՝ 58-ամյա Արուհի Հ.-ն տեղում մահացել է, իսկ 36-ամյա Կարինե Պ.-ն տեղափոխվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ՝ մահացել է:

Փրկարարները «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել եւ շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին: Վերջինս եւ ուղեւոր 8-ամյա Մ. Օ.-ն հոսպիտալացվել են Վայքի ԲՄ:

Եղեգնաձորի ԲԿ են հոսպիտալացվել «Nissan Elgrand» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորներ 40-ամյա Մասումե Մանսուրի Ահմադը (ԻԻՀ քաղաքացի), 45-ամյա Մաջիտ Ազատ Ջաբատը (ԻԻՀ քաղաքացի), 22-ամյա Սույի Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության, իսկ 20-ամյա Սառա Փասանդիտե Ջավադը (ԻԻՀ քաղաքացի), Ամիրհոսեյնե Ազադը եւ Ֆաթիմե Մանսուրի Ահմադը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնի փականները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վթարից մահացածները կանայք են, հարս ու սկեսուր: Նրանք եղել են «Օպել» մակնիշի մեքենայում. 59-ամյա կինը տեղում է մահացել, իսկ 36-ամյա կինը՝ հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին: Մեքենայի մեջ եղել են նաեւ երեխան եւ մեծահասակ տղամարդ: Վերջիններս տեղափոխվել են Վայքի հիվանդանոց:

«Մնացած ութ իրանցիները տեղափոխվել են մեզ մոտ, վիճակները բավարար է, լուրջ վնասվածքներ չունեն: Նրանց մեքենայի վարորդն էլ հայ է, նրա վիճակը նույնպես բավարար է»,-  հայտնել է Եղեգնաձորի բժշկական կենտրոնի տնօրեն Անահիտ Կարապետյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 1-ին ժամը 07:33-ին տեղեկություն է ստացվել, որ Վայք-Եղեգնաձոր ավտոճանապարհին՝ Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան արգելափակված քաղաքացիներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Նախնական տվյալներով կա 2 զոհ եւ 11 տուժած: