• Ռուս գրող Ալեքսանդր Պրոխանովի հետ հանդիպման ժամանակ, ըստ վերջինիս, Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան ասել է, որ երբեք թույլ չի տա, որ ադրբեջանցի ժողովրդի շրջանում հանձին հայ ժողովրդի՝ ստեղծվի թշնամու կերպար, քանզի ժամանակներ կային, երբ այդ ժողովուրդները միասին էին ապրում, մի սեղանի շուրջ գինի էին խմում, և այդ ժամանակները պետք է հետ վերադառնան (աղբյուր՝http://bit.ly/2tzk0Ag)։
• Իր շաբաթական լրահոսային ամփոփման մեջ հակաալիևական/ընդդիմադիր «Մեյդան» լրատվակայքը հատուկ ռեպորտաժ է հատկացրել ենթադրաբար Մ․ Ալիևային պատկանող այդ խոսքերին, մոտավորապես այսպիսի ուղերձ-հարցադրմամբ՝ «Ալիևան չի ցանկանում հայերի տեսքով թշնամու կերպար ստեղծել, իսկ ժողովուրդն ի՞նչ է մտածում»։ Կազմակերպել էին նաև փողոցային սոցհարցում, որտեղ մեծ մասը դեմ են արտահայտվում առաջին փոխնախագահի ենթադրյալ մտքին։ Նույն հակահայկական մթնոլորտն էր նաև ֆեյսբուքյան քննարկման մեկնաբանություններում (աղբյուր՝ http://bit.ly/2tFvLWk)։
• Սա ևս մեկ անգամ հաստատելու է գալիս իմ պաշտպանած այն թեզը, որ անգամ եթե մի օր Ալիևներն այլևս չիշխեն Ադրբեջանում, ավելին՝ այնտեղ իշխանության գա արդի արևմտյան ըմբռնումներով քիչ թե շատ ժողովրդավարական ռեժիմ, դա գրեթե ոչ մի դրական բան չի նշանակի մեզ համար։ Ավելին, շատ քիչ են շանսերը, որ այդ ռեժիմը կկարողանա ներքին կենսունակությունը պահպանել առանց հակահայկականության խաղարկման։ Ու խնդիրը ո՛չ «հավերժական թշնամությունն» է, ո՛չ էլ «արյունարբու թուրքը»․ նման կատեգորիաները դուրս են հետազոտողիս տիրույթից։ Խնդիրը մաքուր քաղաքական է, և հանգում է նրան, որ մեր ժամանակներում ադրբեջանական ազգայնականության զարթոնքն ու պետականության ծնունդն ամենաուղղակի ձևով կապված են «մենք-նրանք» դիխոտոմիկ թշնամության վրա, որի «նրանք» կողմում հայերն են։ Հակահայկականությունն ու Ղարաբաղը սոցիալական մոբիլիզացիա ապահովող կարևորագույն քաղաքական կապիտալ են, և ոչ մեկը հենց այնպես՝ իր ժողովրդավարական բնույթով պայմանավորված անգամ, չի հրաժարվի դրանից։ Պատմության մեջ կա նման փակ շղթայի քակման երևի մեկ անալոգային օրինակ՝ Գերմանիայի ապանացիֆիկացումը, որն, ինչպես ասում են, մեզ «չի սպառնում»։
Ասվածից հետևում է, որ
• ընդդիմադիր կամ հակաալիևական դեռ չի նշանակում ոչ հակահայ, ընդհակառակը՝ Ալիևի ներքին թալանը քննադատողը մեծ ախորժակով կքննադատի նաև նրա, այսպես ասած, «նվազ հայկականությունը»,
• գործ ունենք անհարմար ու վտանգավոր թշնամու հետ, ու պետք է մեր կենսագործունեությունը կառուցենք երկարատև պայքար-զարգացման տրամաբանության վրա։

Նյութի աղբյուրը՝ blognews.am