Lragir.am-ը գրում է.

Մեր զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության նախին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)
Պարոն Մովսիսյան, այս օրերին հրապարակվեց այն պաշտոնյաների ցանկը, որոնց որդիները խուսափել են ծառայել բանակում ծառայությունից: Ձեզ չզարմացրե՞ց այդ ցանկը:
Աստված տա երկրում պատերազմ չլինի, Աստված տա մեր հայ զինվորի մատը փուշ չմտնի, բայց եթե պատերազմ սկսվի, անձամբ մենք չենք նայելու ում երեխան է, որտեղից է եկել: Եթե պատերազմ եղավ, բոլորս միասնական պետք է գնանք, այդ դեպքում՝ որևէ մեկը չի կարող խուսափել: Թե չէ, ծառայել են, չեն ծառայել… Մենք հիմիկվանից մեր երեխաներին պատրաստում ենք ծառայության: Ես ուրիշի մասին չգիտեմ, էդ ո՞ւմ երեխաները չեն ծառայել, ես 2-3 հոգու գիտեմ, որոնց երեխաները ծառայել են: Ես Ազգային ժողովում էլ եմ ասել, թե ովքեր են ծառայել և ում եմ տեսել սահմանին, երբ գնացել ենք զորամասերը այցելության: Օրինակ՝ այնտեղ տեսել ենք Ռուբեն Հայրապետյանի տղուն։ Իսկ ով չի ծառայել, պետք է հարգանք էլ չունենա մարդկության մեջ։ Մեր ժամանակ, եթե տղեն չէր ծառայում, աղջիկ չէին տալիս։ Այսինքն՝ էդ տղայի համար վատ կլինի, եթե չծառայի։ Իհարկե, պատճառներից ելնելով եմ ասում, կարող է գերազանցիկ ա եղել, լավ ա սովորել, դրա համար չի ծառայել, կամ էլ Աստված չանի հիվանդ ա եղել, դրա համար չի ծառայել։
Իսկ Դուք երբևէ մտածե՞լ եք ձեր որդիներին ազատեք բանակից, կամ նրանք ցանկություն չունենային ծառայել։
Ես ձեզ հավաստիացնում եմ, որ նույնիսկ գնացել զինկոմիսարիատում հաշվառման է կանգնել, չեն էլ իմացել, որ իմ տղան ա։ Ժիրիբյովկա է քաշելու ու որտեղ ընկավ, էդտեղ էլ գնալու է ծառայության, ես չեմ միջամտելու։ Մենք 9 եղբայր ենք եղել, բոլորս էլ ծառայել ենք, մեկը՝ Ղազախստանում, մեկը՝ Իժևսկում, Խաբարովսկում։ Մեր երեխաներն էլ հայկական բանակում, իհարկե, կծառայեն։ Իմ տղան արդեն գնացել հաշվառման է կանգնել։ Երկու տղա ունեմ, մեկը 7 տարեկան է, մյուսը՝ 17։ Արդեն ուչոտի ա կանգնել, որ էթա ծառայության, ո՞նց չի էթա։
Պարոն Մովսիսյան, հետաքրքիր է, որ չծառայածների մեջ գեներալների որդիներ էլ կան։
Դուք ի՞նչ գիտեք, որ խուսափել են ծառայությունից։ Կարող ա լավ են սովորել, կամ մեկ ուրիշ բան։ Ես չգիտեմ, ծառայել են, թե չեն ծառայել, բայց ես չեմ կարծում, որ ծառայած չլինեն։ Իսկ եթե չեն էլ ծառայել, ուրեմն լավ են սովորել կամ մի ուրիշ պատճառ կա։
Արդեն ԱԺ-ում չեք, հետաքրքրվո՞ւմ եք քաղաքականությամբ, հետևո՞ւմ եք խորհրդարանի նիստերին:
Ես դուրս էլ չեմ եկել քաղաքականությունից, ասեմ՝ իմանաք։
Այդ դեպքում, ի՞նչ եք կարծում, ի վերջո, ո՞վ կլինի Հայաստանի վարչապետը 2018-ի ապրիլից հետո։
Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի մեկ ժամ հետո, որովհետև կարող է քար ընկնի, ընկնես մեռնես։ Ամեն ինչին ժամանակ կա։ Կապրենք, կտեսնենք։
Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանին կհաջողվի՞ ինչ-որ բան անել, Հայաստանի քայքայված տնտեսությունն ինչ-որ կերպ փրկել։
Եկեք չմոռանանք, որ պատերազմից հետո սկսել ենք, ու արդեն երևում են փոփոխությունները։ Արդեն մի տեղ ջերմոց են դնում, մի տեղ գործարան են բացում, որ ժողովրդի համար աշխատատեղ ա։ Ամեն տեղ մի բան սարքում են, փոփոխությունները ո՞նց կարան չերևան։
Դուք է՞լ եք գործարան բացում։
Սկսած սոկեղենից, մուրաբեղենից ամեն ինչ էլ անում ենք։
Ռուսաստանը կրկին Ադրբեջանին զենք է վաճառել, այդ թվում «Քրիզանթեմ» կառավարվող հակատանկային հրթիռների առնվազն 12 համալիր։ Դուք ինչպե՞ս եք գնահատում այդ փաստը։
Ես ուզում եմ ասել, որ դա էլ իրանց չի օգնելու, եթե մենք համախմբված լինենք։ Էդ դեպքում ամեն ինչն էլ կհաղթահարենք։ Ապրիլին մենք միասնական եղանք, ու եթե միասնական ենք լինում, մեծանում է մեր ուժը։
Սահմանին զոհեր են լինում, իրավիճակը լարված է մնում։
Բա պատերազմ է, զոհեր էլ կլինեն, իհարկե, ես ցավում եմ զոհերին, որ փառքով-պատվով հողին ենք հանձնում։ Եթե նույնիսկ 100 հոգու խփենք, մի հոգու մահը մեզ համար ցավ է։ Դուք գիտեք, որ գաղտնիքները չի կարելի բացահայտել։ Սահմանին միշտ էլ կրակում են, պետք է զգույշ լինենք։
Դուք որտե՞ղ եք տեսնում Սերժ Սարգսյանին 2018-ի ապրիլին, երբ կավարտվի նրա նախագահության երկրորդ ժամկետը։ Կարծում եք՝ նա պետք է մնա՞ իշխանական համակարգում, կարևոր պաշտոններից մեկում։
Այս պահին Սերժ Սարգսյանն իր տեղում է, դրանից հետո կապրենք, կտեսնենք։ Ես կարծում եմ, որ երևի երկրի անվտանգությունը պետք է լինի մեր նախագահի ձեռքում։ Անվտանգության և կայունության հարցերում իրանից հզոր մեկին ես չեմ տեսնում։

Նյութի աղբյուրը՝ Lragir.am