«Հայկական ժամանակ. Թերթը գրում է. «Երեւանի Վ. Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցի մասնաշենքերից մեկը կառավարության որոշմամբ տրամադրվել է «Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնին, որի ղեկավարն է վարչապետ Կարեն Կարապետյանի փեսայի քույրը:

Մայակովսկու անվան դպրոցը գտնվում է մայրաքաղաքի կենտրոնում` Երեւանի քաղաքապետարանի մոտ, իսկ Գլոբալ Բրիջի տնօրենն է Աննա Հարությունյանը` Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ Արզուման Հարությունյանի դուստրը եւ էներգետիկ ենթակառուցվածքների ու բնական պաշարների փոխնախարար, վարչապետի փեսա Հայկ Հարությունյանի քույրը: Ի դեպ, որոշ տեղեկությունների համաձայն, փաստացի հենց Հայկ Հարությունյանն է համակարգում այդ կենտրոնի աշխատանքները:

Կառավարության հունիսի 8-ին ընդունված որոշման համաձայն, մասնավոր կենտրոնին տրամադրված տարածքի ընդհանուր մակերեսը շուրջ 2 հազար 500 քառ. մետր է` 791 միլիոն 500 հազար դրամ գնահատված արժեքով: Այդ տարածքը ներառում է նաեւ դպրոցի մարզադահլիճը եւ կենտրոնին է տրվում անհատույց օգտագործման իրավունքով:

«Գլոբալ Բրիջ» ընկերությունն, ըստ կառավարության որոշման, պարտավորվել է, որ իր կողմից ներկայացված ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման համար պայմանագիրն ուժի մեջ մտնելուց հետո պետք է 20 տարվա ընթացքում կատարի 100 մլն դրամի ներդրում:

Մայակովսկու անվան համար 7 հիմնական դպրոցում հրաժարվեցին պաշտոնապես որեւէ խոսք ասել շենքի մի բավական մեծ մասն օտարվելու վերաբերյալ. քաղաքապետարանն իր ենթակայությամբ գործող հաստատությունների ղեկավարությանը բոլորովին ձայնազուրկ է դարձրել: Ավելի ուշ քաղաքապետարանից պատասխանեցին, որ ամեն դեպքում դպրոցն ու իրենք չեն կարող մեկնաբանություններ տալ կառավարության որոշման մասին:

Այդուհանդերձ, դպրոցում մենք տեղեկացանք, որ մասնավոր կազմակերպությանը տրամադրված մասնաշենքում մինչ այժմ գործում էր տարրական դպրոցը` ավելի քան 200 աշակերտով: Այստեղ նաեւ ասում էին, որ «Գլոբալ Բրիջը» հիմնովին վերանորոգելու է Մայակովսկու անվան դպրոցի երեք դասասենյակ ու նաեւ շահագործման հանձնելու երկու զուգարան:

«Գլոբալ Բրիջին» տրամադրված մասնաշենքում արդեն վերանորոգման աշխատանքներ էին ընթանում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում