Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, շարունակվում է Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով դատավարությունը:

Արտագնա նիստի մեկնարկին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նոր մեղադրող ներգրավվեց եւ հարցրեց պաշտպանական կողմին, թե արդյոք ունեն բացարկի միջնորդություն մեղադրող Գեւորգյանին: Ամբաստանյալ Ներսես Պողոսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը նշեց, որ այս պահին որեւէ միջնորդություն անել չի կարող, մինչեւ չունենա իր պաշտպանյալի դիրքորոշումը: Տաթեւիկ Գրիգորյանը թույլ չտվեց Պապիկյանին շարունակել խոսքը:

«Պարբերաբար այնպիսի հայտարարություններ եք անում, որն իրականությանը չի համապատասխանում: պաշտպանների ներգրավման փուլին ենք հասել, մինչ այդ քանի որ նոր մեղադրող է ներգրավել, պետք է քննարկենք՝ բացարկ ունեք հայտնելու թե ոչ: Ինչ վերաբերում է ամբաստանյալներին, նրանք դիտավորյալ զրկել են իրենց դատական նիստին մասնակցելու հնարավորությունից»,- ասաց դատավորը:

Ներսես Պողոսյանի պաշտպանը չհամաձայնվեց՝ ոչ թե ամբաստանյալներն են իրենց զրկել այդ հնարավորությունից, այլ դատարանն է նրանց զրկել: Չնայած Պողոսյանի պաշտպանը շարունակում էր պնդել, որ բացարկի միջնորդությունը պետք է քննարկվի պաշտպանյալի հետ, Տաթեւիկ Գրիգորյանն առանց դա հաշվի առնելու նիստը շարունակեց եւ հայտարարեց, որ պաշտպանական կողմից բացարկի միջնորդություն չկա: Այդ ընթացքում դատարանը հեռացրեց նաեւ փաստաբան Նինա Կարապետյանցին, որն այսօր պետք է ներգրավվեր որպես Ներսես Պողոսյանի պաշտպան:

Նշենք, որ նախորդ նիստին դատարանը 10 ժամով դատական նիստերի դահլիճից հեռացրել էր Գեւորգ Սաֆարյանը, Ժիրայր Սեֆիլյանը, Ներսես Պողոսյանը եւ Հրայր Թոփչյանը: Նիստերի դահլիճից հեռացված է նաեւ Գալուստ Գրիգորյանը:

Այնուհետեւ դատարանը որոշեց որպես ամբաստանյալ Գալուստ Գրիգորյանի պաշտպան ներգրավվել հանրային պաշտպան Արկադի Գեւորգյանին: Հեետաքրքիր է, որ ամբաստանյալը դեմ արտահայտվեց, սակայն դատավորն անդրդվելի էր:

Այսօրվա դատական նիստին ներկա չէին պաշտպաններ Տիգրան Հայրապետյանն ու Տիգրան Եգորյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան՝ հայտնելով, որ վատառողջ է եւ խնդրելով բացակայությունը հարգելի համարել: Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը հայտարարեց, որ Տիգրան Հայրապետյանի վերաբերյալ որեւէ տեղեկատվություն չկա եւ ինքն այժմ հեռանում է խորհրդակցական սենյակ՝ սանկցիայի մասին որոշում կայացնելու:

Նշենք, որ այս գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 24.04.2015 թվականին Երեւան քաղաքում բռնություն գործադրելով, գույք ոչնչացնելով եւ վնասելով, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին զինված դիմադրություն ցույց տալով արտահայտված, հասարակական անվտանգությունը վտանգող զանգվածային անկարգություններ հրահրելու ուղղակի դիտավորությամբ, 2014 թվականի մայիսից դրա կազմակերպմանն ուղղված նախապատրաստական գործողություններ կատարելու համար:

Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է զանգվածային անկարգություններ կազմակերպելու եւ զենքի գործադրմամբ շենքեր, շինություններ զավթելու նախապատրաստության մեջ: Բացի Սեֆիլյանից, մեղադրանք է առաջադրվել նաեւ Գեւորգ Սաֆարյանին, Ներսես Պողոսյանին, Գալուստ Գրիգորյանին, Հրայր Թոփչյանին, Սասունիկ Կիրակոսյանին եւ Հովհաննես Պետրոսյանին: