Tert.am-ը գրում է.

Երևանի թիվ 56 դպրոցի տնօրեն Սուսաննա Գալստյանը Tert.am-ի հետ զրույցում ասում է, որ որոշել է անցյալում թողնել «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կողմից իրեն ձայնագրելու հետ կապված պատմությունը։ Տնօրենը նշում է, որ ներում է Իոաննիսյանին և համարում է, որ ճիշտ կլինի այդ էջը պարզապես փակել: «Որոշել եմ հետ վերցնել դիմումս, հետևաբար կոչ եմ անում իմ մյուս գործընկերներին նույնպես մտածել այս ուղղությամբ։ Մենք՝ որպես մանկավարժներ, առնչվում ենք հասարակության տարբեր շերտերի հետ, և երբեք մեր մեջ չի կարող լինել չարություն կամ քինախնդրություն»,- ասում է նա:

- Տիկի՛ն Գալստյան, Դուք մեկն եք այն 30 դպրոցների և մանկապարտեզների տնօրեններից, ովքեր հայց են ներկայացրել ընդդեմ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի և Դանիել Իոաննիսյանի այն բանից հետո, երբ «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ձայնագրություններ էր ներկայացրել՝ պնդելով, թե Դուք խորհրդարանական ընտրություններում ձայներ եք հավաքագրում Հայաստանի Հանրապետական կուսակցության օգտին: Ի՞նչ փուլում է գործը:

- Նախևառաջ, ցանկանում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ այդ կազմակերպության կողմից կատարած քայլը շատ վատ երևույթ էր բոլոր առումներով: Լինելով Հանրապետական կուսակցության ակտիվ անդամ՝ ես իմ ներդրումն եմ փորձել ունենալ կուսակցական գործերում: Այդ ամենն իմ կողմից կատարվել է իմ աշխատանքային ժամերից դուրս և որևէ խնդիր չէր էլ կարող առաջացնել օրենքի հետ կապված. հետևաբար իմ կողմից՝ որպես տնօրեն, վարչական ռեսուրսի չարաշահում ուղղակի չկար: Ես իմ գործունեությունն իրականացրել եմ որպես կուսակցության ակտիվի մաս և ոչ թե որպես տնօրեն: Չեմ կարծում, որ այդտեղ որևէ արտառոց բան կա: Բայց այն, ինչ տեղի ունեցավ, իսկապես մեծ հարված էր ինձ համար՝ առաջին հերթին որպես մանկավարժի: Նման երևույթները լրջորեն ստվերում են մանկավարժի, հայ կնոջ կերպարը: Ես ունեմ բազմաթիվ աշակերտներ, կոլեգաներ, ընկերներ ու բարեկամներ, և ինձ համար ուղղակի անթույլատրելի էր, որ իմ անունն ու համբավը ոտնահարվի: Այդ ամենին գումարվեց այն լարված մթնոլորտը, որում տեղի ունեցան իրադարձությունները: Ահավոր ապրումներ եմ ունեցել այդ օրերին, հետևաբար չէի կարող չօգտագործել իմ պատիվը պաշտպանելու իրավունքը: Այդ հիմքով էլ միացա իմ գործընկերներին և հայց ներկայացրի՝ ունենալով դրա համար բոլոր հիմքերը:

- Տիկի՛ն Գալստյան, տեղեկություններ կան, որ մտափոխվել եք և պատրաստվում եք հետ վերցնել Ձեր ներկայացրած դիմումը: Կա՞ նման բան:

- Այո՛, կա նման բան: Փառք Աստծո, իմ կյանքի տարիների փորձն ինձ սովորեցրել է իմ հանդեպ սխալ քայլ կատարած մարդկանց երբեք չատել և չլցվել նրանց նկատմամբ չարությամբ: Մյուս կողմից էլ, լինելով մանկավարժ՝ արդեն վաղուց սովորել եմ կառավարել իմ հիասթափություններն ու լինել ավելի հանդուրժող: Մի խոսքով՝ ես ներում եմ այդ երիտասարդին և համարում եմ, որ ճիշտ կլինի այդ էջը պարզապես փակել:

- Միայն Դո՞ւք եք եկել նման եզրահանգման, հայց ներկայացրած Ձեր մյուս գործընկերների հետ խոսե՞լ եք, նրանք ի՞նչ դիրքորոշում ունեն:

- Ես անձամբ եմ որոշել գնալ այդ քայլին, չնայած ինձ հասցված մեծ բարոյական և հոգեբանական վնասին: Որոշել եմ հետ վերցնել դիմումս, հետևաբար կոչ եմ անում իմ մյուս գործընկերներին նույնպես մտածել այս ուղղությամբ: Մենք՝ որպես մանկավարժներ, առնչվում ենք հասարակության տարբեր շերտերի հետ, և երբեք մեր մեջ չի կարող լինել չարություն կամ քինախնդրություն: Չեմ կասկածում, որ գործընկերներս նույնպես այդպես են մտածում: Մեր հասարակությունը շատ զգայուն է, երբեմն դա դրսևորվում է չհաշվարկված ու չնախատեսված ուղղություններով: Հիմա, կոնկրետ այդ երիտասարդի հետ կապված, ես չեմ ուզում, որ իմ դիմումն ընկալվի որպես նրան հետապնդելու փորձ կամ հնարավորություն տա ինչ-որ շրջանակների նման բան պնդել:

- Տիկի՛ն Գալստյան, այնուամենայնիվ բավական աղմուկ բարձրացավ՝ մեդիայի, սոցիալական ցանցերի կողմից թեման ահագին քննարկվեց, եղան մարդիկ, որոնք խիստ բացասական արտահայտվեցին մանկավարժների հանդեպ, եղան մարդիկ, որոնք փորձում էին Ձեզ բարոյական աջակցություն ցուցաբերել: Հիմա ինչպե՞ս եք զգում Ձեզ:

- Բոլոր արձագանքներից էլ տեղյակ եմ, այդ օրերին ունեցել եմ ծանր ապրումներ, բայց փառք Աստծո, ինձ նեցուկ կանգնած մարդկանց, իմ աշակերտների, նրանց սիրո ու գնահատանքի ուժով ես այդ ամենն անցյալում եմ թողել:

Նյութի աղբյուրը` Tert.am