«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Երկու օր առաջ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը եւ մեր զինված ուժերի համաչափ պատասխանը կրկին սրելու է իրավիճակը ռազմաճակատում։ Կարծում եմ՝ գործը լայնամաշտաբ պատերազմի դարձյալ չի հասնի, բայց որ կլինեն բախումներ, եւ ցավոք, կլինեն նաեւ զոհեր երկու կողմերից՝ դա, ինձ թվում է, անխուսափելի է։ Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը եւ հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է եւ (կարծում եմ՝ անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը։

Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը։ Նախ ՝ այն պատճառով, որ պատերազմը սառնսրտություն է պահանջում։

Դա է նաեւ պատճառը, որ երբ պատերազմի զոհ է դառնում ադրբեջանի երեխան, դա ինձ համար նույնքան ցավալի է, որքան հայ կամ որեւէ այլ ազգի երեխայի մահը։ Հակառակորդը դա շահարկում է քաղաքական նպատակներով, բայց երկու տարեկան երեխայի մահը, իմ կարծիքով, դուրս պետք է լինի որեւէ շահարկումից։ Ես չեմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղություն հաստատել մեր ժողովուրդների միջեւ։ Բայց հնարավոր է մարդ մնալ նաեւ պատերազմի պարագայում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում