Հուլիսի 5-ին Եվրոպական Խորհրդարանը ստրասբուրգյան լիագումար նիստի ընթացքում ձայների 457 կողմ, 124 դեմ եւ 66 ձեռնպահ հարաբերակցությամբ ընդունել է բանաձեւ՝ ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 72-րդ նստաշրջանի կապակցությամբ Եվրոպական Խորհրդարանի կողմից ԵՄ Խորհրդին տրվող առաջարկությունների մասին:

Բանաձեւն անդրադառնում է մարդու իրավունքների, միջագային անվտանգության, ինչպես նաեւ գոյություն ունեցող հակամարտությունների վերաբերյալ մի շարք հարցերի: Ադրբեջանական կողմի ջանքերով բանաձեւի քննարկման վերջին փուլում առաջարկվել էր լրացում Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ անթույլատրելի ձեւակերպումներով, որոնք միակողմանիորեն առանձնացնում էին տարածքային ամբողջականության եւ միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիության սկզբունքները՝ դուրս թողնելով ժողովուրդների իրավահավասարության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Այնուամենայնիվ, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության գործադրած ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ տապալել այս նախաձեռնությունը եւ բանաձեւի վերջնական տեքստում ամրագրել ինչպես Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, այնպես էլ ուժի չկիրառման սկզբունքը: Լիագումար նիստում տեղի ունեցած քվեարկության ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ամրագրման հայկական կողմի նախաձեռնությունը ստացավ Եվրոպական Խորհրդարանի պատգամավորների բացարձակ մեծամասնության ձայները: