«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Հուլիսի սկզբին Ադրբեջանի ձեռնարկած քայլերը՝ Արցախի հետ շփման գծում իրավիճակի սրման ուղղությամբ, կարծես թե չտվեցին այն քաղաքական եւ քարոզչական արդյունքը, որին հարեւան երկրի ղեկավարությունը ձգտում էր: «Արյունախում հայերի» առասպելը հաստատելու որեւէ լուրջ ապացույց չի ստացվել:

Դա ունի ընդհանուր եւ մասնավոր պատճառներ: Ընդհանուրն այն է, որ մի կողմից՝ Ադրբեջանն ամեն օր ասում է՝ հեսա մենք զենքով կգրավենք Ղարաբաղը, Զանգեզուրը, Գյոքչան ու Էրիվանը, մյուս կողմից՝ ասում է՝ մենք խաղաղասեր ենք, հայերն են առաջինը կրակում: Դիրքորոշման այդ հակասությունն, ինձ թվում է, չի նպաստում քարոզչական միավորների ձեռք բերմանը:

Ադրբեջանի անհաջողության մասնավոր պատճառն այն է, որ այսօր շատ դժվար է թաքցնել կամ խեղաթյուրել իրականությունը: Պարզ է, որ Մինսկի խմբի համանախագահ երկրների համար, որոնց արբանյակները on-line ռեժիմով հետեւում են աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող իրադարձություններին, ճշմարտությունն իմանալը խնդիր չէր նաեւ 10, 20 տարի առաջ: Բայց մի քանի ժամ հետո պատկերը վերականգնելը եւ աշխարհին ներկայացնելը խնդիր չէ նաեւ մեզ նման երկրների համար:

Բացի այդ, գոնե հայկական կողմից սահմանն այնպես է կահավորված, որ ամեն ինչ նկարահանվում է եւ անհրաժեշտության դեպքում հրապարակվում է: Ադրբեջանի ռազմաքաղաքական ակցիաները, որոնք կոչված էին, մասնավորապես, ուշադրություն շեղել իսլամիստներին զենք վաճառելուց եւ Արեւմուտքի՝ մարդու իրավունքների հետ կապված դժգոհություններից, չեն հասել իրենց նպատակին նաեւ այն պատճառով, որ այդ երկրի եւ Ռուսաստանի հարաբերություններում դժվարություններ են առաջացել (ենթադրում եմ, ժամանակավոր):

Տարաձայնությունների պատճառը, ըստ փորձագետների, «գազային մրցակցությունն» է՝ մի ոլորտ, որտեղ ներկա ժամանակահատվածում այդ երկու երկրների շահերը չեն համընկնում: Ադրբեջանն այս պահին Ռուսաստանից «դաբրո» չունի՝ իրավիճակ սրելու, իսկ առանց «դաբրո»-ի սրելու դեպքում չի ստանում բավարար դիվանագիտական, քաղաքական եւ քարոզչական աջակցություն: Դա չի նշանակում, որ վաղը կամ մյուս օրը այդ «դաբրոն» չի տրվելու:

Եվ վերջապես: Հայկական կողմն էլ, կարծես թե, փոխում է իր մարտավարությունը: Ադրբեջանը պետք է զգա, որ ցանկացած, նույնիսկ փոքր ոտնձգության դեպքում պատասխանը դաժան է լինելու, եւ այդ պատասխանին հետեւած վայնասունին մենք, համենայնդեպս, ուշադրություն չենք դարձնի: Նույնիսկ եթե ՄԱԿ-ն ընդունի ոչ թե 4, այլ 144 բանաձեւ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում