«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին մեծ շուքով Երեւանի քաղաքապետարանը մայրաքաղաքի Թումանյան փողոցում գտնվող սննդի եւ սպասարկման մի քանի կետ ապամոնտաժեց:

Պատճառն այն էր, որ առեւտրային կազմակերպությունները իրենց գործունեությունը ծավալել էին չնախատեսված տեղում՝ մայթի բանուկ հատվածում եւ մայթի 50 տոկոսից ավելի հատվածում տեղակայել էին սեղաններ եւ աթոռներ՝ խոչընդոտելով քաղաքացիների ազատ տեղաշարժը: Այս գործողությանը նախորդել էր Երեւանի քաղաքապետի հուլիսի 10-ի աշխատանքային խորհրդակցությունը, որտեղ քաղաքապետ Տարոն Մարգարյանն անդրադարձել էր մայրաքաղաքում բացօթյա սեզոնային սրճարանների գործունեության կազմակերպմանը՝ ընդգծելով, որ դրանք չպետք է խոչընդոտեն հետիոտնի տեղաշարժին:

«Սեզոնային սրճարաններին եւ հասարակական սննդի օբյեկտներին բացօթյա գործունեություն կազմակերպելու համար մեր կողմից հատկացվում են հստակ տեղեր: Բայց պետք է խստորեն հետեւել, որ այդ գործունեությունը անհարմարություն չստեղծի մեր համաքաղաքացիների համար: Անթույլատրելի է, երբ մայթի կեսից ավելին, որը պետք է ազատ լինի քաղաքացիների տեղաշարժի համար, զբաղեցնում են սրճարանների սեղան-աթոռները կամ առեւտրի օբյեկտների սառնարանները»,- հայտարարել էր Տարոն Մարգարյանը:

Armtimes.com-ը տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին ապամոնտաժում մայթերի կեսից ավելին զավթած սննդի օբյեկտների հիշյալ հատվածները: Զարմանալի է, որ Երեւան քաղաքում միայն Թումանյան փողոցի՝ Հյուսիսային պողոտայից մինչեւ Աբովյան փողոցը տեղակայված սննդի օբյեկտներին վերաբերվեց Տարոն Մարգարյանի վրդովմունքը:

Armtimes.com-ը հատուկ քաղաքապետարանի համար տեսանկարահանել է Երեւան քաղաքի մեկ այլ փողոց, որտեղ նույն պատկերն է. սրճարանները հասել են գրեթե փողոցի երթեւեկելի մասը: Խոսքը Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոց հատման մասին է վերաբերվում, որտեղ տեղակայված են «Սքուեր ուան», «Մարկո պոլո» եւ «Վասաբի» օբյեկտները: Խնդիրը բացարձակապես կապված չէ նշված սրճարանների հետ, հարցն այն է, թե ինչպե՞ս է ստացվել, որ Թումանյան փողոցի սրճարանները դուրս են եկել իրենց սահմանագոտուց եւ սեղան-աթոռներ տեղադրել մայթի վրա, իսկ ահա նշված սրճարանները օրենք չեն խախտել:

Հյուսիսային պողոտա-Աբովյան փողոցից բարձրացող եւ իջնող յուրաքանչյուր ոք, երեկոյան ժամերին հատկապես, չի կարող նշված ճանապարհահատվածը չանցնել առանց հերթի եւ շարքի, քանի որ պարզապես հնարավոր չէ ազատ տեղաշարժը:

Եթե քաղաքապետարանն ընտրողաբար չի մոտեցել ապամոնտաժման այս նախաձեռնությանը, ապա հաջորդ ապամոնտաժվող սրճարանները պետք է հենց «Մարկո Պոլո»-ն, «Սուքուեր ուան»-ը եւ «Վասաբի»-ին լինեն, հակառակ դեպքում համոզիչ չի, որ մայրաքաղաքի միայն Թումանյան փողոցի սրճարաններին էին օրինազանցները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում