Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` հուլիսի 13-ին, «Սասնա Ծռեր» խմբի 18 անդամների գործով դատական նիստը չմեկնարկած` ընդմիջվեց: Դատավոր Արտուշ Գաբրիելյանը գալով նիստերի դահլիճ` հայտարարեց, որ բոլոր ամբաստանյալները դատարան դեռ չեն բերվել եւ այն 15 րոպեով ընդմիջվում է:

Նշենք, որ այսօր ամբաստանյալներից Արամ Մանուկյանի ծննդյան օրն է, նա դարձավ 23 տարեկան: NEWS.am-ի հետ զրույցում նրա մայրը` տիկին Մարինեն, նշեց, որ որդուն դեռ չի հասցրել շնորհավորել, նրան դատարանում է տեսնելու եւ փորձի շնորհավորել: Նա նշեց, որ Արամի ծնունդը ամեն տարի նշել են Արցախում, որտեղ ապրում են նրա տատիկն ու պապիկը:

Նշենք, որ այս նիստն անցկացվում է արտագնա. Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթում քննվող գործով նիստերն անցկացվելու են Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, որտեղ հատուկ «Սասնա Ծռերի» գործը քննելու համար դահլիճն ապակեպատ են դարձրել:

Հիշեցնենք, որ «Սասնա Ծռերի» 14 անդամի գործով նիստերը նույնպես անցկացվում են Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: