Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 05:59-ին տեղեկություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհին տեղի ունեցել է ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է շտապօգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երեւան-Սեւան հատվածի 49-րդ կմ-ին «SUBARU 08 OUTBACK» մակնիշի 33 OD 973 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ա.) բախվել է բետոնե արգելապատնեշին, ինչի հետեւանքով Ա. Ա.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: