168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Գագիկ Համբարյանը

– Պարոն Համբարյան, վերջին օրերին Հայաստանում շատ է քննարկվում Ռուսաստանի կողմից Ադրբեջանին նոր զինատեսակ վաճառելու հարցը, և շատ քաղաքական վերլուծաբաններ գտնում են, որ Հայաստանը միայն հայտարարությունների մակարդակով չպետք է քննադատի իր ռազմավարական գործընկերոջ այդ քայլը: Ըստ Ձեզ՝ այս պարագայում որո՞նք պետք է լինեն հայկական կողմի գործողությունները:

– Այս ամբողջի մեղավորը մենք ենք, մենք ենք թույլ տվել, որ Ռուսաստանը մեզ հետ այսպես վարվի: Իմ կարծիքով՝ երբևէ Հայաստանն այսպիսի սարսափելի վատ վիճակում չի եղել, ինչպես հիմա է: Գոնե նախկինում քիչ թե շատ հաշվի էին նստում, հիմա նույնիսկ մեր ռազմավարական գործընկերն անում է այն, ինչ ինքը ցանկանում է՝ առանց հաշվի առնելու մեր շահերը, որովհետև մենք անվճար իրեն տրամադրում ենք ռազմաբազայի տարածքները, մենք տեսնում ենք այդ ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը, մենք շատ տարօրինակ կերպով մեր ռազմավարական նշանակություն ունեցող ուղղությունները տնտեսության մեջ՝ էներգետիկա, տրանսպորտ, կապ, լրիվ տվել ենք ռուսներին, ի՞նչ ենք պահանջում: Մենք մեր տան մեջ հիմա վարձկալի վիճակով ապրում ենք, այն դեպքում, որ հենց մեր տան բոլոր կարևոր օղակները գտնվում են մեր հարևանի ձեռքում: Ի՞նչ ենք ուզում, մենք ենք մեղավոր: Նույնիսկ նախագահի մակարդակով տեղի ունեցավ դժգոհություն, և ի՞նչ, Ռուսաստանը տարրականորեն անտեսեց Սերժ Սարգսյանի դժգոհությունը և էլ ավելի մեծ քանակությամբ զենք է վաճառում Ադրբեջանին:

Իսկ ինչո՞ւ մենք զենք չենք գնում: Ժամանակին բարձրաձայն քննարկվեց, որ Ռուսաստանը մեզ տրամադրում է 200 միլիոն դոլար վարկ, որով մենք պետք է ռազմական տեխնիկա գնենք Ռուսաստանից, և այլն: Հարց ՀՀ իշխանություններին և Պաշտպանության նախարարությանը՝ այդ 200 միլիոն դոլար վարկից որքա՞ն զենք է մատակարարվել Հայաստան Ռուսաստանից: Ես կողքից ասեկոսեների մակարդակով իմացել եմ, որ ընդամենը 18 տոկոսն է մատակարարվել այն դեպքում, երբ պայմանագիրը վերջանում է այս տարվա դեկտեմբերին:

Ես չգիտեմ՝ Մոսկվայում ի՞նչ են մտածում, բայց այն, որ Մոսկվայի քաղաքականությունն արդեն հակահայկական է, և հակառուսական տրամադրությունները շատ շեշտակի աճում են Հայաստանում, դա փաստ է: Իմ կարծիքով՝ ռուսական կողմն ամեն ինչ անում է, որ, ինչպես Մերձբալթյան պետությունները, Վրաստանը, Ուկրաինան հեռացան Ռուսաստանից, շատ կոպիտ ձևով վաղը-մյուս օրը մենք էլ այդ բանն անենք պաշտոնական Մոսկվայի նկատմամբ:

– «Ռեգնում» լրատվական գործակալության սյունակագիր, քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով զենքի վաճառքի մասին, ասել է, որ «Ադրբեջանը նավթային երկիր է, և Մոսկվան այն կթու կով է դարձրել»:

– Երբևէ զենքի վաճառքը բիզնես չէ, դուք շատ լավ գիտեք, որ, երբ Իլհամ Ալիևն այդ քանակությամբ զենք է գնում, այդ զենքը մի օր պետք է մի տեղ կրակի, և, եթե Ռուսաստանի համար Ադրբեջանը «կթու կով» է, այդ զենքը վաղը-մյուս օրը պատուհաս է դառնալու Արցախի և Հայաստանի համար: Այդ իրենց «կթու կովի» քաղաքականության հետևանքները մենք ենք քաղելու, մենք ենք հարյուրավոր զոհեր ունենալու, և պետք չէ մոռանալ, որ իսրայելական զենքի հետ համատեղ՝ ադրբեջանական կողմը շատ մեծ քանակությամբ ռուսական զենք օգտագործեց կարճատև պատերազմի ժամանակ: Նույն «կթու կովի» քաղաքականության մասին ոչ մեկը չի մտածում Փարիզում, Վաշինգտոնում, երկրներ, որոնք նույնպես զենք են արտադրում, որոնք Ռուսաստանի նման՝ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են: Իրենք էլ են ուզում փող աշխատել Ադրբեջանից, բայց կան բարոյական նորմեր, կրիտերիաներ, որոնցից այն կողմ ո՛չ Փարիզը, ո՛չ Վաշինգտոնը չի շարժվում, բայց Ռուսաստանի համար դա բացարձակ միևնույն է:

– Այս պարագայում հայկական կողմն ի՞նչ կարող է անել:

– Հայկական կողմը ոչ թե 200 միլիոն դոլարի վարկ պետք է վերցներ Ռուսաստանից և զենք գներ, որի վերաբերյալ բացարձակ տեղեկատվությունը փակ է, այլ այդ նույն գումարը պետք է ուղղեր՝ նաև Իսրայելից զենք գներ: Իսրայելը բազմիցս հայտարարել է, որ ինքը պատրաստ է Հայաստանին զենք վաճառել:

– Նկատի ունեմ՝ հիմա ի՞նչ պետք է արվի:

– Թեկուզև՝ հիմա: Իմ կարծիքով՝ 200 միլիոնն ահռելի գումար չէ իշխանությունների համար, որ գտնեն իրենց սեփական գրպաններից և ուղղորդեն՝ Իսրայելից զենք գնեն:

– Բայց արդյոք այդ քայլերը պե՞տք է միայն զենքի վաճառքով սահմանափակվեն:

– Դա՝ մեկ, երկրորդը՝ ես, իհարկե, հասկանում եմ, որ շատ դեպքերում մենք խնդիրներ կունենանք պաշտոնական Մոսկվայի հետ, բայց գործը հասել է նրան, որ Հայաստանի իշխանությունները պետք է կտրուկ քայլեր կատարեն Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերություններում, այլ պարագայում մենք ավելի սարսափելի իրավիճակում կհայտնվենք: Ցավոք սրտի, ես շատ մեծ նմանություններ եմ տեսնում այն իրավիճակի հետ, որը եղել է մեր տարածաշրջանում գրեթե 100 տարի առաջ, և մենք կանգնած ենք ուղղակիորեն այն վտանգի առաջ, որ վաղը չէ մյուս օրը նույն Ռուսաստանը, ինչպես 1921 թվականին, այնպես էլ հիմա, կվճռի հայ ժողովրդի ապագայի հարցը, և այդ վճիռը կլինի ավելի դաժան և ավելի սարսափելի, քան եղավ 1921 թվականի հանրաճանաչ Մոսկվայի և Կարսի պայմանագրերի հետևանքով: Մենք ուղղակիորեն այդ վտանգի տակ ենք:

– Կտրուկ քայլեր ասելով՝ նկատի ունեք, որ Հայաստանը, օրինակ, պետք է դուրս գա ԵԱՏՄ-ի՞ց:

– ԵԱՏՄ-ից դուրս գալը չէ, կոնկրետ սկսի ստուգումներ ռուսաստանյան խոշոր կորպորացիաներին պատկանող հայաստանյան ֆիլիալներում՝ նույն «Գազպրոմում», երկաթուղիներում, կապի ոլորտում, և այլն, ես համոզված եմ, որ հազարավոր խախտումներ կգտնեն: Կարելի էր վերանայել հայ-ռուսական պայմանագիրը, որի համաձայն՝ Հայաստանի տարածքում վերաբաշխված ռուսական ռազմաբազայի ծախսերի 50 տոկոսը կատարում է ՀՀ-ն:

– Իսկ ԵԱՏՄ-ից դուրս գա՞լը:

– Ես չգիտեմ՝ այդ ԵԱՏՄ մտնելը մեզ ի՞նչ օգուտ է տվել, ես ընդհանրապես և՛ ՀԱՊԿ-ն, և՛ ԵԱՏՄ-ն համարում եմ անարդյունավետ և փուչիկ կազմակերպություններ, որոնց հիմնական անդամները հակահայկական քաղաքականություն են վարում:

Նյութի աղբյուրը՝ 168.am