«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում արտագնա աշխատանքի մեկնած քաղաքացիներն անհանգստացած են Ռուսաստանի Պետական դումայի կողմից հուլիսի 12-ին երկրորդ ընթերցմամբ ընդունված «Ճանապարհային երթեւեկության անվտանգության» դաշնային օրենքում կատարված փոփոխություններից: Այն քաղաքացիները, որոնք օրինակ, տաքսի են վարում հայկական վարորդական իրավունքի վկայականով, նրանք տուգանվում են 10 հազար ռուբլով, իսկ տնտեսվարողները, որոնց մոտ աշխատում են նրանք՝ 50 հազար ռուբլով:

Armtimes.com-ը ավելի վաղ գրել էր, որ ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են, քանի որ ճանապարհային ոստիկանությունը տուգանում է ընդունված օրենքի հիման վրա, քանի որ ՀՀ վարորդական իրավունքի վկայականներով ՌԴ-ում տաքսի կամ տնտեսական այլ գործունեություն հնարավոր չի իրականացնել:

ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում այսօր ասաց, որ գնալով իրենց վիճակն ավելի է ծանրանում, քանի որ ինչպես նախկինում էին խոստացել, մեկ տարի հետաձգումը չի իրականացվում: Նրա պնդմամբ՝ Հայաստանի իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում իրենց քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար: «Իրենք չե՞ն հասկանում, որ եթե մենք այստեղ աշխատում ենք, այդ գումարներն ուղարկում ենք Հայաստան, նույն բանանն ու շաքարավազն են մարդիկ առնում, ու այդ գումարը գնում է իրենց գրպանը»,- վրդովված ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ Ռուսաստանի հայերի միությունից ավելի շատ աշխատանք է այս օրերին կատարում ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

«Մեր խնդրանքն է իշխանություններին, որ իրենց քաղաքացիների իրավունքների պաշտպանության մասին մի փոքր մտածեն: ՀՀ ԱԺ-ն դիրքորոշում հայտնի»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը:

Նրա խոսքով, օրենքը երբ երկրորդ ընթերցմամբ ընդունվեց, արտոնություն ստացան նաեւ Ղրղըզստանի քաղաքացիները, քանի որ նրանց Սահմանադրության մեջ գրված է, որ ռուսերենը երկրորդ պետական լեզուն է: Մյուս արտոնյալ երկիրը Բելառուսն է, որի տրամադրած վարորդական իրավունքի վկայականների վրա այս օրենքը չի տարածվում:

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով այս խնդրի ասաց, որ վարորդական իրավունքի վկայականները համարվում են ազգային փաստաթուղթ: «Ավելին՝ այդ հարցը կանոնակարգված է կոնվենցիաներով: Երկիրը կարող է թույլ տալ այլ երկրի վարորդական իրավունքի օգտագործումը որոշակի ժամանակահատվածում եւ կարող է նաեւ թույլ չտալ»,- ասաց Դավիթ Հարությունյանը՝ բերելով սիրիահայերի օրինակը, երբ նրանց վարորդական իրավունքի վկայականները ՀՀ-ում չէր անցնում: Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ այդ խոչընդոտը կարող են շրջանցել մի դեպքում, երբ ունենան միջազգային վարորդական իրավունքի վկայական, սակայն այդ դեպքում նրանք չեն կարող կատարել վարձու աշխատանք»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում