Հուրգադայի հյուրանոցներից մեկում դանակահարության հետեւանքով երկու զբոսաշրջիկներ են զոհվել, եւս չորսը վիրավորվել են։ Լրատվամիջոցները քննարկում են միջադեպի պատճառների տարբերակները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Հարձակումը գործած 28-ամյա Աբդել Ռահման Շաաբանը կարող է հարել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, հաղորդում է «Սադա ալ-Բալյադ» լրատվական պորտալը։ Պարբերականը պնդում է, որ հանցագործը հետեւել է ԻՊ-ի գաղափարախոսությանը, իսկ հարցաքննության ժամանակ հայտարարել, որ «ապրել է շարիաթի օրենքներով»։ Նշվում է, որ հանցագործը գերմաներեն է խոսել եւ հարձակվելուց առաջ շփվել զբոսաշրջիկների հետ։

Սակայն մեկ այլ եգիպտական համացանցային ռեսուրս՝ Elmwatin-ը, վկայակոչելով Եգիպտոսի անվտանգութան ուժերը, գրում է, որ հարձակումը կարող էր կենցաղային վեճի հետեւանք լինել, որին իբր մասնակցել են Եգիպտոսից եւ Ուկրաինայից երկու կանայք։ Դրանից հետո վիրավորված եգիպտուհու ամուսինը դանակով հարձակվել է կնոջը վիրավորողի եւ նրա ծանոթների վրա։

Համաձայն եգիպտական լրատվամիջոցներում մյուս քննարկվող տարբերակի՝ հանցագործը հոգեկան հիվանդ էր եւ հարձակման պահին չէր հասկանում, թե ինչ է անում։

Եգիպտոսի իշխանությունները ողբերգության պաշտոնական տարբերակը դեռ չեն հայտնել՝ միայն ասելով, որ հետաքննություն է ընթանում։ Հանցագործը ձերբակալված է, նա ցուցմունք է տալիս։

Ուրբաթ 28-ամյա տղամարդը Հուրգադայի հյուրանոցներից մեկի ծովափին դանակով հարձակվել է զբոսաշրջիկների վրա։ Դրա հետեւանքով զոհվել են Գերմանիայից երկու զբոսաշրջիկներ, եւս չորսը՝ Հայաստանի, Չեխիայի եւ Ռուսաստանի քաղաքացիներ վիրավորում են ստացել։