Միլիարդատեր եւ Ադրբեջանի նախագահի դստեր նախկին սկեսրայր Արազ Աղալարովը 2006 թվականի ապրիլին ԱՄՆ-ի ամենահարուստ քաղաքերից մեկում 8 մլն դոլարով շքեղ առանձնատուն է գնել: Հիմա բզնեսմենը այն վաճառում է 6,98 մլն դոլարով: Այս մասին է վկայում անշարժ գույքի Zillow գործակալության կայքում տեղադրված տեղեկությունը, հայտնում է Forbes-ը:

Առանձնատունը զբաղեցնում է 2,5 ակր տարածք, կառուցվել է 2001 թվականին: Տունը 7 ննջասենյակ եւ 8 սանհանգույց ունի, ահռելի կրկնակի հարսանեկան սանդուղք եւ սենյակներ`մի քանի հարկանի համայնապատկերային պատուհաններով, որոնցից երեւում է շատրվանի տեսարանը եւ հիասքանչ լանդշաֆտային դիզայնով բակը:

Առանձնատունը նաեւ մուտքի արահետ ունի, կամարակապ առաստաղներ, բուխարիներ, պաշտոնական ճաշասենյակ, շեֆ խոհարարի պահեստով խոհանոց եւ «թաց» բար` ներկառուցված ակվարիումով: Կա նաեւ մեծ ընտանեկան սենյակ, գրադարան, առանձնացված նկուղ, որտեղ հանգստի սենյակ կա, կինոթատրոն, տրենաժորային դահլիճ` սաունայով, գինու մառան եւ լրացուցիչ ննջասենյակ: Աղալարովի հարեւանների թվում են ռեփ մագնատ Շոն Քոմբսը եւ լեգենդար երաժիշտ Սթիվի Ուանդերը:

Միլիարդատիրոջ որդին` Էմին Աղալարովը, տուն ունի նույն փողոցի վրա` Անդերսոն ավենյու, 98: Էմինն առանձնատունը հոր հետ գնել է 2008 թվականին` 3 մլն դոլարով, այն զբաղեցնում է 0,77 ակր տարածք: Այս տունը նույնպես վաճառվում է, սակայն ավելի փոքր «վնասով»` 2,9 մլն դոլարով: 10,000 քառակուսի ֆուտ մակերեսով առանձնատանը 6 ննջասենյակ կա եւ 7 սանհանգույց, երկհարկանի նախասրահ` հարսանեկան սանդուղքով, շեֆ խոհարարի խոհանոց եւ նկուղ` հանգստի սենյակով, բարով, տնային կինոթատրոնով, գինու մառանով եւ տրենաժորային դահլիճով: Ռիելթորի դերում է հանդես գալիս Էմինի քույրը` Շեյլա Աղալարովան, որը անշարժ գույքի Sotheby's մջազգային ընկերության բրոքեր է:

Արազ եւ Էմին Աղալարովները սկանդալի կենտրոնում են հայտնվել ԱՄՆ գործող նախագահի որդի Դոնալդ Թրամփ կրտսերի եւ փիար իրականացնող Ռոբ Գոլդսթոունի միջեւ նամակագրության հրապարակումից հետո: Վերջինն Աղալարովների մոտ է աշխատել 2013 թվականին «Միս Տիեզերք» մրցույթի անցկացման ժամանակ: Նամակագրության մեջ նշվում է ռուս փաստաբան Նատալյա Վեսելնիցկակյայի հետ հանդիպաման մասին, որը կարող էր ԱՄՆ նախընտարական արշավի ժամանակ Հիլարի Քլինթոնին անվանարկող նյութեր տրամադրել: Թրամփ կրտսերը հաստատել է փաստաբանի հետ հանդիպման փաստը, սակայն հայտարարել է, որ նա իրեն օգտակար չի եղել: