Մեկ տարի առաջ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբի 31 անդամները գրավեցին Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող ՀՀ ոստիկանության պարեկապահակային պահպանության գունդը:

Զոհվեց ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, ավելի ուշ` Գագիկ Մկրտչյանն ու Յուրի Տեփանոսյանը։

5 ոստիկան պատանդառվեցին, այդ թվում՝ Վալերի Օսիպյանը եւ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը:

Հենց նույն օրը ոստիկանությունը փակեց ՊՊԾ գնդին հարող բոլոր փողոցները: Խորենացի փողոցում սկսեց ինքնաբուխ հանրահավաք՝ ի աջակցություն «Սասնա ծռերի»:

Հուլիսի 26-ի լուսաբացին Արթուր Սարգսյանը՝ «Հաց բերող», իր մեքենան սննդամթերքով բեռնելով, կտրեց ոստիկանական շղթան եւ սնունդ հասցրեց «Սասնա ծռերին»:

Հուլիսի 29-ին ոստիկանների եւ «Սասնա ծռերին» աջակցող ցուցարարների միջեւ բախումներ եղան Սարի թաղում եւ Խորենացի փողոցում, բերման ենթարկվեց 165 քաղաքացի: 16-ամյա Սայաթ Հարությունյանը զրկվեց աչքից:

Հուլիսի 31-ին «Սասնա ծռերը» որոշում կայացրին հանձնվել ոստիկանությանը. «Մենք ընդամենը կայծ ենք, հայ ժողովուրդը կշարունակի սկսվածը»:

Այսօր «Սասնա ծռերի» գործով անցնում է 32 հոգի: Դատավարությունն ընթանում է արտագնա նիստերով` Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:

ՊՊԾ գնդի գրավումից մեկ տարի անց Երեւանում այսօր երեկոյան «Սասնա ծռերի» աջակիցները ինքնաբուխ երթ կիրականացնեն, իսկ ոստիկանությունը ՊՊԾ գնդի գրավման մեկ տարին կնշի մեծ արարողակարգով։