Լոռու մարզում կայծակը նախօրեին լուրջ վնասներ է պատճառել Օձուն համայնքի բազմաթիվ տների: Լոռիում NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ կայծակի հետեւանքով առավել շատ տուժել է Սամվել Պերեխանյանի ընտանիքը: Կայծակի հարվածի հետեւանքով հրդեհվել ու ամբողովին ջարդվել է տան տանիքը, հոսանքալարերը շարքից դուրս են եկել ու այրվել:

Տանտիրոջ պատմելով, կայծակի հարվածն այնքան ուժգին է եղել, որ հեռուստացույցը օդ է բարձրացել ու ընկել մեկ մետր այն կողմ: Կայծակի հարվածից հեռուստացույցը պայթել է, փչացել է սառնարանը, գազօջախը, համակարգիչն ու լվացքի մեքենան: Բնակարանի բոլոր հոսանքալարերը այրվել են: Ջարդվել են նաեւ տան ապակիները, հրդեհվել վարագույրների մի մասը:

Պայթել է նաեւ գազի հաշվիչն ու գազի արտահոսք սկսվել: Դեպքի վայր ժամանած հրշեջներին հաջողվել է մարել կրակն ու փակել գազամատակարարումը:

Ընտանիքը խնդրում է մարզպետարանին ու կառավարությանը, օգնել վերականգնելու կրած վնասները:

Կայծակի հետեւանքով վնասվել են նաեւ մի շարք ընտանիքների էլեկտրաէներգիայի եւ գազի հաշվիչները, որտեղ առաջացել է նաեւ հրդեհ: Բարեբախտաբար տուժածներ չկան: Վնասի չափը ճշտելու համար արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով: