1in.am-ը գրում է.

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը միակն է, որ տվել է հայկական վարորդական իրավունքի շուրջ Ռուսաստանում ստեղծված իրավիճակի քաղաքական համարժեք գնահատականը, հատկապես, որ ՌԴ Պետդումայի խոսնակ Վոլոդինը հենց երեկ հրապարակայնացրեց Հայաստանում ռուսաց լեզվին պետական կարգավիճակ տալու Մոսկվայի պահանջը:

«Զենք են վաճառում հակառակորդ պետությանը՝ մեր պաշտոնյաները հարցազրույցներ են տալիս և ասում են՝ բիզնես է, հայության դեմ չի ուղղված: Նման աբսուրդ մտքեր են արտահայտում, համաձայնագիր են խախտում ռուսները՝ էլի մեր պաշտոնյաները, փոխանակ պաշտպանեն մեր շահերը, ասում են՝ իրավունք ունեն: Սա ուղղակի խայտառակություն է: Եթե անգամ միութենական շրջանակներում իրենք չեն կարողանում խնդիր լուծել, իմաստը ո՞րն է մեր անդամ պետություն լինելու կամ ընդհանրապես՝ նման իշխանություն ունենալու»,- ասել է Մարուքյանը:

Ուշագրավ է, որ Մարուքյանը համադրել է ԵՏՄ-ից Հայաստանի հեռանալու և Սերժ Սարգսյանի իշխանությունը հեռացնելու պահանջները, ինչը միակ կենսունակ օրակարգը կարող է լինել Հայաստանի ընդդիմության համար: Եթե «Ելք» դաշինքը կարողանա համադրել Հայաստանի ազատության, ապագաղութացման և ժողովրդավարության պահանջները և փորձի քաղաքական ու հանրային կոնսոլիդացիա ապահովել այս խնդրով, ապա Հայաստանում միգուցե քաղաքական այլ իրավիճակ ստեղծվի մինչև 2018-ի ապրիլ, երբ լուծվելու է իշխանության հարցը:

Մարուքյանը ստեղծել է այն իրավաքաղաքական հիմքը, որը թույլ կտա «Ելք» դաշինքին խորհրդարանում նախաձեռնել ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը: Դա պատգամավորի՝ ԵՏՄ հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանին հասցեագրված նամակն է, որն, ըստ էության, մերժվել է, հակառակ պարագայում երեկ նման կտրուկ տոնով չէր հնչի Վոլոդինի պահանջը:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ «Ելքը» խորհրդարանում պետք է նախաձեռնի ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու գործընթացը, որը նաև անվստահություն կլինի Հայաստանի ռուսահպատակ իշխանությունների նկատմամբ:

Իհարկե, չպետք է միամտություն ունենալ և կարծել, որ ինը պատգամավոր ունեցող «Ելքի» նախաձեռնությունն ԱԺ-ում հաջողելու է, որովհետև խորհրդարանական մեծամասնությունն ու «Ծառուկյան» խմբակցությունը տապալելու են այն: Սակայն նույնիսկ այդ պարագայում նախաձեռնությունը պետք է ռեալիզացվի, դառնա քաղաքական ակտ:

Նախ՝ դրանով, ի դեմս «Ելքի», քաղաքական ֆորմալիզացիայի կենթարկվի հստակ այլընտրանք ունեցող ընդդիմության ստեղծումը: Մյուս կողմից՝ Ռուսաստանը Հայաստանին զիջումներ է արել այն դեպքերում, երբ վտանգ է զգացել, որ Հայաստանում սասանվում է իր ազդեցությունը: Նույն «Իսկանդերի» Հայաստանում հայտնվելու փաստը գոնե հրապարակայնացվեց 2016-ի ապրիլյան պատերազմից հետո, երբ Հայաստանում հանրային տրամադրություններ էին հասունացել Ադրբեջանին ռուսական սպառազինության մատակարարման հետ կապված:

Սակայն ամենաէականն այն է, որ «Ելքի» խորհրդարանական հնարավոր նախաձեռնությունը ԱԺ պատերից դուրս կարող է հասունացնել սպասված ֆորս-մաժորը՝ Հայաստանի ազատության և ժողովրդավարության օրակարգով:

Նյութի աղբյուրը՝ 1in.am