«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող համար 135 հիմնական դպրոցը վերջին մոտավորապես մեկ ամսվա ընթացքում գրեթե անհետացել է: Այն քանդվել, ավերակ է հիշեցնում:

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից վստահեցնում են, որ դպրոցը նորից է կառուցվելու: Մանրամասնեցին, որ այն ընդգկված է հանրակրթական ուսումնական հաստատությունների հիմնանորոգման` կառավարության կողմից հաստատված ծրագրի մեջ եւ պետք է վերակառուցվի Ասիական զարգացման բանկի միջոցներով:

«Դա պետք է լինի սեյսմակայունության ժամանակակից սկզբունքներին համապատասխան»,- ասաց վարչության պետ Արթուր Գեւորգյանը` հավելելով, որ նշված ծրագրում ընդգրկված է երեւանյան 14 դպրոց:

Նշենք, որ «Հանրակրթական հաստատությունների սեյսմիկ անվտանգության բարելաման ծրագրի» շրջանակներում առաջնահերթ ամրացվելիք կամ կառուցվելիք դպրոցները 20-ն են, թեպետ վթարային է համարվում ավելի քան 420 այդպիսի շենք: Ծրագրի իրագործումը նախատեսված է 2015-2030 թվականներին:

Քանդված համար 135 դպրոցում վերջին ուսումնական տարվա դրությամբ սովորել է 1 288 աշակերտ: Մինչեւ նոր շենքի կառուցումը նրանք ուսումը կշարունակեն հանրակրթական այլ հաստատություններում»: