Երեկ գիշերը մինչեւ ժամը 2-ը մեծ աղմուկով ու տեխնիկայով քանդել են «Ֆիրդուսի» տոնավաճառը: Այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, կառավարության շենքի մոտ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեցին «Ֆիրդուսի» տոնավաճառի աշխատակիցներն ու այդ տարածքի բնակիչները:

Նրանք նշեցին, որ երբ բնակիչները բողոքել են, նոր միայն որոշել են գիշերվա ժամը 2-ին դադարեցնել քանդումը եւ շարունակել առավոտյան:

«Գողի պես եկան ու շատ անշնորհք ձեւով են քանդել, անպատվում էին, կռիվ էին հրահրում, վիրավորում էին բնակիչներին: Մենք խնդրել էինք մեզ ժամանակ տալ մինչեւ դեկտեմբեր, նրանք համաձայնեցին ժամանակ տալ գոնե մինչեւ սեպտեմբեր: Առաջարկել են տեղափոխվել «Երեւան» տոնավաճառ, «Առինջ Մոլ», բայց այնտեղ բարձր է վարձը, այստեղ մատչելի գներով ենք առեւտուր անում: Մենք մեր հաճախորդներին ենք կորցնելու»,-ասաց բնակիչներից մեկը:

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ իրենց պահանջն է, որ իրենց տները քանդելուց հետո նորմալ գումար տան. «Մենք տեսել ենք, թե Բուզանդի փողոցում ինչ են արել ու արդեն չենք վստահում: Եթե իմանանք, որ նորմալ տներ կտան կամ նորմալ գին կտան, համաձայն ենք, բայց որ եկան տոնավաճառն էլ քանդեցին, էլ հավատ չկա»:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 19-ին կեսօրին քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են քանդել «Ֆիրդուսի» տոնավաճառի տարածքը, ինչին ընդդիմացել են տոնավաճառի աշխատակիցները։

Քաղաքապետարանի աշխատակիցները՝ անտեսելով նրանց խնդրանքները, բողոքը, ոստիկանների աջակցությամբ շարունակել են ուժով քանդել շուկան:

Նույն օրն առավոտյան եւս փորձ էր արվել քանդել տոնավաճառը, սակայն բնակիչները իջել էին եւ թույլ չէին տվել: Նրանք երեկ երթով գնացել էին ՀՀ նախագահի նստավայր, որտեղ խոստացել էին արագ ուսումնասիրել ու արձագանքել բնակիչների բողոքին: