Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ հուլիսի 20-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 12։40-ի սահմաններում Գյումրի քաղաքից դեպի Շիրակ գյուղ տանող ճանապարհահատվածում՝ Շիրակ գյուղի գերեզմանների հարևանությամբ, բախվել են Opel մակնիշի 34 CV 840 համարանիշի և Mercedes մակնիշի 77 NT 477 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 4-ը երեխաներ են, իսկ 2-ն էլ ավտոմեքենաների վարորդները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Գյումրու հրշեջ-փրկարարները, ովքեր հատուկ տեխնիկայի միջոցով ավտոմեքենայից փորձում են դուրս բերել մահացածի դին։ Ժամանել են նաև ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Գագիկ Վարդանյանի, դասակի հրամանատար Ռաֆայել Ասրյանի և ավագ տեսուչ Էռնեստ Խաչատրյանի գլխավորությամբ։ Տեղում են նաև ոստիկանության Ախուրյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արամ Ղարիբյանի, ինչպես նաև Ախուրյանի քննչական բաժնի քննիչները՝ Հրաչյա Առաքելյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին վթարի վայրում կատարում են դեպքի վայրի զննություն։ Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ մարզի ոստիկանապետ Արտակ Կարապետյանի գլխավորությամբ, իսկ ՃՈ 1-77 օպերատիվ կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

Նյութի աղբյուրը` shamshyan.com