Աջարիայում՝ սեւծովյան Քոբուլետի կուրորտի ափին փրկարարները ջրից հանել են երկու զբոսաշրջիկների, որոնք ուժեղ ալիքների պատճառով չէին կարողացել ափ դուրս գալ։

«Նովոստի Վրաստանը» ՝ վկայակոչելով Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայությունը, հայտնել է, որ զբոսաշրջիկները, ում օգնություն է ցուցաբերվել, Հայաստանի քաղաքացիներ էին։

Այսօր սեւծովյան ափին գրանցվել է 5 բալանոց փոթորիկ։ ՆԳՆ տվյալներով, օրվա ընթացքում ջրից փրկել են մոտ 100 մարդու։

«Բոլոր ափերին կարմիր դրոշ է տեղադրվել՝ դա նշանակում է, որ ծովում լողալը կտրականապես արգելված է։ Բացի դրանից բոլոր 135 փրկարարները շրջում ու անձամբ նախազգուշացնում են հանգստացողներին՝ զերծ մնալ ծովում լողալուց»,- հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների կառավարման գործակալության մամուլի ծառայությունում։