«Սասնա ծռեր» խմբի անդամ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ») Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նիստերի դահլիճ չի բերվում, քանի որ նրա մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա կինը՝ տիկին Անուշը: Նա նշեց, որ Արայիկ Խանդոյանին տեսակցել է մի քանի օր առաջ, դատարանում տեղի ունեցած միջադեպից հետո նրա մարմնի մի մասն ամբողջությամբ կապտուկներով է պատված, ունի գլխի վնասվածք, բացի այդ հարվածել են վիրավոր ոտքին եւ վերքը կրկին բացվել է:

Հիշեցնենք, որ հունիսի 28-ին, Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա ծռեր» խմբի անդամների եւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ տեղի ունեցած միջադեպի փաստով ՀՔԾ-ում հարուցված քրեական գործով Արայիկ Խանդոյանը՝ («Միայնակ գայլ») տուժող է ճանաչվել: Տուժող են ճանաչվել նաեւ Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը:

Երեւանի Ավան եւ Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի խցում «Սասնա ծռեր» խմբի անդամներ Արայիկ Խանդոյանը, Արեգ Կյուրեղյանը, Սմբատ Բարսեղյանը եւ Մխիթար Ավետիսյանը ծեծի էին ենթարկվել: Պաշտպաններն ահազանգել էին, որ իրենց պաշտպանյալները մարմնական վնասվածքներ են ստացել: Ավելի ուշ ՀՔԾ-ում քրեական գործ հարուցվեց, ըստ մամուլի տեղեկությունների, դատարանում ամբաստանյալներին ծեծի ենթարկելու օպերացիան ղեկավարել է փոխգնդապետ Արմեն Ղազարյանը: