«Փաստ» թերթը գրում է. Երկու օր առաջ Սպիտակ տունը Ջոն Հանթսման կրտսերի թեկնածությունն է առաջադրել ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանի պաշտոնի համար: Ներկա դեսպան Ջոն Թեֆտն աշնան սկզբին հրաժեշտ է տալու իր պաշտոնին, որն զբաղեցնում է 2014 թվականից: ՌԴ ԱԳՆ–ն արդեն հավանություն է տվել Հանթսման կրտսերի թեկնածությանը:

«Մենք հավանություն ենք տվել՝ հրաշալի իմանալով պարոն Հանթսմանի կենսագրությունը, հասկանալով, որ նա մեծ պրոֆեսիոնալ է, մարդ, ով ունի հաստատուն համոզմունքներ եւ շատ փորձառու է»,– ասել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը:

Հանթսմանի առաջադրումը հիստերիայի ալիք է բարձրացրել Բաքվում: Խնդիրն այն է, որ նրա հորը՝ Ջոն Հանթսման ավագին ժամանակին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն՝ 1988 թ. ավերիչ երկրաշարժից հետո մեր երկրին ցուցաբերած մեծ աջակցության համար: Երկրաշարժից հետո Հանթսման ավագը խորհրդային իշխանություններին ֆինանսական օգնություն էր առաջարկել, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո արդեն անկախ Հայաստանին միջոցներ էր տրամադրել՝ Գյումրին ու Սպիտակը վերականգնելու համար:

Նա բազմիցս եղել է Հայաստանում (Ադրբեջանում հաշվել են՝ ավելի քան 40 անգամ): Հայաստանում բարեգործական գործունեություն իրականացնելու համար նրան շնորհվել է ՀՀ քաղաքացիություն, նաեւ «Մեսրոպ Մաշտոց» շքանշան:

Հընթացս նշենք, որ 80–ամյա Հանսթման ավագն իր 1.1 մլրդ դոլար կարողությամբ ներառված է Forbes–ի՝ աշխարհի մեծահարուստների ցուցակում: Յուտա նահանգում մորմոնների եկեղեցու հիմնադիրների ուղիղ շառավիղն է: 1982 թ. հիմնել է Huntsman Chemical ընկերությունը, որը ներառում է ավելի քան 34 քիմիական ընկերություն:

Ու ահա Բաքվում խիստ մտահոգվել են՝ ՀՀ քաղաքացու որդին լինելու է ՌԴ–ում ԱՄՆ–ի դեսպանը: «Զարմանալի վիճակ է ստեղծվել՝ Մոսկվայում հայկական լոբբիի համար հայտնվում է հզորագույն դաշնակից՝ ի դեմս Միացյալ Նահանգների դեսպանի»,– գրում է ադրբեջանական մամուլը:

Իսկ վերջին շրջանում Ռուսաստանում հայկական լոբբին դարձել է Ադրբեջանի գիշերային մղձավանջը: Աջ ու ձախ հոդվածներ ու վերլուծականներ են տպագրվում այն մասին, թե ինչպես է ռուսահայությունը քար նետում ռուս–ադրբեջանական բոստանն ու խաթարում նրանց ռազմավարական գործընկերությունը:

Մի ուշագրավ փաստ էլ: Չգիտես ինչու, ադրբեջանական մամուլում ներկայացված է, թե իբր Ջոն Հանթսման կրտսերը եղել է ՀՀ–ում ԱՄՆ–ի նախկին դեսպանը: Սակայն նման բան չկա: Նա դեսպան է եղել Սինգապուրում եւ Չինաստանում, բայց ոչ Հայաստանում: Եվ այս կեղծ լուրը շրջանառության մեջ դնելով, իրենց զարմանքն ու մտահոգություն են հայտնում մեկ այլ հանգամանքի առթիվ եւս:

«Մի զարմանալի ավանդույթ կա, որի համաձայն Երեւանում այլ երկրների դեսպաններն այլ պաշտոնի անցնելուց հետո էլ ոչ միայն պահպանում են ջերմ զգացումները Հայաստանի նկատմամբ, այլեւ ամեն կերպ փորձում պաշտպանել նրա շահերը: Այդպես եղել է ՀՀ–ում Ֆրանսիայի նախկին դեսպան Անրի Կյունիի (2002–2006 թթ.) դեպքում, ով նույնիսկ գիրք է գրել՝ «Հայաստան. մի ժողովրդի ոգին» եւ անցած տարի կայացած շնորհանդեսի ժամանակ վիրավորել Ադրբեջանին:

ՀՀ–ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսն էլ պաշտոնից հեռանալուց հետո արդեն հայտարարել է, որ ԼՂՀ–ն պետք է վերադառնա բանակցային սեղանի շուրջ, ինչը Հայաստանին շատ է ուրախացրել: Իսկ ՀՀ–ում ԱՄՆ մեկ այլ նախկին դեսպան Ջոն Հանթսման կրտսերն ընդհանրապես ՀՀ քաղաքացու զավակ է»,– չարակամությամբ գրել է մամուլը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում