Ռուսաստանում դատապարտված Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը հուլիսի 20-ին տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն՝ «Դատապարտյալների փոխանցման մասին 1983թ. եվրոպական կոնվենցիայով սահմանված կարգով պատժի մնացած մասը Հայաստանում կրելու համար: Թե ի՞նչ ընթացակարգով է լուծվելու Հրաչյա Հարությունյանի պատժի հետագա կրումը Հայաստանում կազմակերպելու հարցը, ինչու այսքան ձգձգվեց նրա արտահանձնման գործընթացը, ո՞ր ՔԿՀ-ում է նա կրելու իր պատժիը եւ այլ հարցերի շուրջ NEWS.am-ը զրուցել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանի հետ:

Պարոն Քոչարյան, ինչո՞ւ այսքան ձգձգվեց Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացը:

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անցած ժամանակաշրջանում հետեւողական աշխատանք է իրականացրել Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերների հետ «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. կոնվենցիայով նախատեսված կարգով դատապարտյալի փոխանցման խնդիրը լուծելու նպատակով։

Նշված միջազգային պայմանագիրը, որի շրջանակներում պետությունների միջեւ իրականացվում է դատապարտյալների փոխանցումը, հստակ ժամկետներ եւ ընդհանրապես փոխանցման պարտականություն չի նախատեսում։ Ավելին, նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունն իրավասու չէ միջամտել օտարերկրյա պետության ներպետական օրենսդրությամբ սահմանված գործընթացներին, որոնք ներառում են մի շարք ընթացակարգեր, այդ թվում եւ դատական: ՌԴ ներպետական օրենսդրության համաձայն դատապարտյալի փոխանցման մասին վերջնական որոշումը կայացնում է դատարանը:

Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու գործընթացի երկարումը պայմանավորված էր նրանով, որ Տրոիցկի շրջանային դատարանի 04.08.2014թ. դատավճռով ճանաչվել էր քաղաքացիական հայցվորների հայցային պահանջներ ներկայացնելու իրավունքը, հետեւապես Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխելու հարցը կարող էր լուծվել միայն դատապարտյալի կողմից ֆինանսական պարտավորությունները կատարելուց հետո: Դատարանի կողմից բավարարված հայցային պահանջների չափի հստակեցումից հետո այս խնդրի հանգուցալուծման հարցում էական դեր խաղաց ազգությամբ հայ բարերաների օժանդակությունը: Հարկ է նշել, որ մամուլում շրջանառվող տեղեկությունը, թե 18 միլիոն ռուբլու փոխհատուցում է եղել, իրականությանը չի համապատասխանում: Գումարը շատ ավելի պակաս էր, բայց բարերարների խնդրանքով ինչպես նրանց անունները, այնպես էլ գումարի չափը, նշել չեմ կարող:

Հրաչյան արդեն Հայաստանում է, ի՞նչ ընթացակարգուվ է լուծվելու նրա պատժի հետագա կրումը Հայաստանում կազմակերպելու հարցը:

Դատապարտյալի փոխանցումից հետո, համաձայն «Դատապարտյալների փոխանցման մասին» 1983թ. եվրոպական կոնվենցիայի եւ մեր ազգային օրենսդրության՝ օտարերկրյա պետության կայացրած դատավճիռը պետք է ճանաչվի ՀՀ իրավասու դատարանի կողմից՝ կատարելով քրեորեն պատժելի արարքի համապատասխանեցում ՀՀ քրեական օրենսգրքին՝ անփոփոխ թողնելով սահմանված պատիժը: Նշեմ նաեւ, որ այդ միջազգային իրավական ակտը հստակ սահմանում է, որ դատապարտյալի փոխանցումն իրականացվում է պատժի կրման շարունակումը ապահովելու նպատակով:

Իսկ արդեն հայտնի՞ է, թե որ ՔԿՀ-ում Հրաչյան կկրի իր պատիժը:

ՀՀ ներպետական օրենսդրության համաձայն՝ պատիժը կատարելու ուղղիչ հիմնարկի տեսակը եւ վայրը որոշում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության տեղաբաշխման հանձնաժողովը: Դատապարտյալ Հրաչյա Հարությունյանի պատիժը կրելու վայրը տեղաբաշխման հանձնաժողովը կորոշի Հայաստանի Հանրապետության իրավասու դատարանի կողմից ՌԴ իրավասու դատարանի դատավճիռը ճանաչելուց եւ այն կատարման ուղարկելուց հետո: Առայժմ վերջինը պահվում է ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում:

Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը 6 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել: 2013 թվականի հուլիսին Հրաչյա Հարությունյանը Պոդոլսկի մերձակայքում բեռնատարով բախվել էր ուղեւորատար ավտոբուսին, ինչի հետեւանքով 18 մարդ էր զոհվել, ավելի քան 60 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ էր ստացել: