Հուլիսի 14-ին Թամանյանի արձանի մոտ վրաերթի է ենթարկվել 29-ամյա փաստաբան Հովհաննես Սարգսյանը։ Նա վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, կյանքին վտանգ չի սպառնում, վնասվածքները ծանր չեն։ Վրաերթ կատարողը 22-ամյա Էդուարդ Մկոյանն է՝ վրացական համարանիշով իր BMW X6-ով։ Դա քաղաքում հայտնի ավտոմեքենա է՝ վառ կանաչ գունավորմամբ։ Վրաերթից հետո Մկոյանը հեռացել է դեպքի վայրից, հաջորդ օրը, սակայն, ներկայացել է ոստիկանություն եւ խոստովանել, որ ինքն է կատարել վրաերթը։ Էդուարդ Մկոյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր, ջավախեցի Հենզել Մկոյանի եղբորորդին է։

Հենզել Մկոյանը 2016 թ․ հոկտեմբերին անցկացված ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցությունով առաջադրվել էր մեծամասնական ընտրակարգով եւ վերընտրվեց պատգամավոր։ Նրա եղբորորդին այժմ ազատության մեջ է։ Ոստիկանությունից մեզ ասացին, որ վերոնշյալ վրաերթի փաստով հետաքննություն է կատարվում, հիմա սպասում են դատաբժշկի եզրակացությանը, որ որոշեն՝ ձերբակալե՞ն, թե՞ ոչ։ Կախված է մարմնական վնասվածքի չափից: