Հայաստանի ԱԻՆ-ում,  հուլիսի 23-ին, ժամը 11:09-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ռուբինյանց փողոցի շենքերից մեկի վերելակի ճոպանները պոկվել են, վերելակը 8-րդ հարկից ընկել է առաջին հարկ, ներսում քաղաքացիներ կան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը եւ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը, որն անհրաժեշտությունը վերանալու պատճառով վերադարձել է:

Պարզվել է, որ վերելակը շենքի 1-ին մուտքի 8-րդ հարկից իջնելիս խափանվել է եւ պարբերաբար ընդհատումներով հասել է առաջին հարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը՝ 30-ամյա Ն. Փ.-ն, 2-ամյա Մ. Բ.-ն, 31-ամյա Ս. Բ.-ն, 5-ամյա Թ. Գ.-ն եւ 3-ամյա Գ. Գ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել վերելակից:

Փրկարարները վերելակից դուրս են բերել 66-ամյա Ա. Բ.-ին: Տուժածներ չկան: Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը վերելակից դուրս բերված քաղաքացիներին ցուցաբերել է հոգեբանական աջակցություն: