Ղարաբաղյան խնդրի կիսամյակային ցիկլը թերևս հնարավոր է ավարտված համարել Պուտին-Ալիև հանդիպումով, որի, սակայն, երևի թե ամենախոսուն դրվագը իրականում հանդիպումից առաջ տեղի ունեցածն էր՝ Պուտինի ակնարկի տեսքով:

ՌԴ նախագահը Ալիևից առաջ հանդիպելով «Սիրիուս» կրթական ծրագրի երեխաների հետ՝ հանդիպման վերջում ծավալված մի խոսակցության առիթով հիշատակել էր Ալիևի հետ իր սպասվելիք հանդիպումն ու ասել, թե մեկ ժամից «պրոբլեմը» կլինի իր մոտ: Ընդ որում, հատկանշականն այն է, որ Պուտինը բացարձակապես ստիպված չէր զուտ թեմայի բերումով հիշատակել հանդիպումը, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ նա ուղղակի միանգամայն մտածված է արել ակնարկը:

Այդ եզրակացության համար էլ ավելի ծանրակշիռ հիմք է և այն, որ Ալիևի հետ հանդիպման բացման խոսքում Պուտինը կարծես թե հենց հատուկ ընդգծելու համար հիշատակել է «Սիրիուսի» երեխաների հետ իր հանդիպումն ու Ալիևին ասել, որ կպատմի այդ մասին նրան: Այսինքն՝ Պուտինը ոչ միայն չի փորձել թաքցնել ակնարկը, այլև Ալիևի հետ հանդիպմանը, «Սիրիուսը» հիշատակելով, գործնականում կրկնել է այն:

Սա երևի թե հանում է Պուտին-Ալիևի հանդիպման հետ կապված բոլոր հարցերը: Այնուհանդերձ, ռուս-ադրբեջանական հարաբերությունները իրենց ընդգրկումով և ռազմավարական նշանակությամբ արժանի են շատ ավելի լուրջ դիտարկման և ուսումնասիրության, քան, իհարկե, համընդհաուր ոգևորությունը Պուտինի ակնարկի առումով:

Այդ իմաստով Ռուսաստանն ու Ադրբեջանը հայտնվել են մարտավարական հակասականության և ռազմավարական դաշնակցության արանքում, որտեղ նրանք ակնհայտորեն չեն կարող առանց մեկմեկու, բայց մյուս կողմից՝ նաև ժամանակը չի աշխատում նրանց օգտին:

Խնդիրն այն է, որ Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունը ստացել է երեք խոշոր հարված՝ ապրիլյան պատերազմ և հայկական զինուժի դիմադրություն, ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրությամբ պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք հարաբերության կարգավորման ռուսական հույսերի տապալում, որտեղ ակնկալվում էր նաև շղթայական ռեակցիա Եվրոպայում, բայց Ֆրանսիայում Մակրոնի հաղթանակն ավարտեց այդ չսկսված շղթան, և այժմ Թուրքիա-Գերմանիա, նույնն է թե՝ Թուրքիա Եվրամիություն հարաբերությունների գերլարում:

Այդ երեք խոշոր հարվածները ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության անհրաժեշտությունն էլ ավելի են մեծացրել, բայց մյուս կողմից էլ՝ էապես նվազեցրել են այդ գործընկերությունն իրացնելու, առաջ մղելու, այսպես ասած՝ քաղաքականապես կապիտալիզացնելու երկկողմ ռեսուրսներն ու հնարավորությունները:

Ընդ որում, հատկանշականն այստեղ այն է, որ Ռուսաստանն այդ իմաստով ունի որոշակի այլընտրանքներ, և ակնհայտորեն Մոսկվան փնտրում է դրանք, օրինակ, Վրաստանի հետ ուղղությամբ՝ քննարկելով Աբխազիայով և Օսիայով տրանսպորտային միջանցքների վերաբացման հարց և հայտարարելով, որ կա բանակցային որոշակի առաջընթաց: Կա, թե ոչ՝ դա չէ էականը, այլ այն, որ հայտարարվում է դրա մասին: Իսկ Վրաստանն այդ իմաստով Արևմուտքի, ՆԱՏՕ-ի ու Եվրամիության տարածաշրջանային պրովայդեր է, հետևաբար հասկանալի է, որ խնդիրը տվյալ դեպքում ավելի լայն շրջանակ ունի:

Ադրբեջանը զրկված է մանևրի հնարավորությունից՝ ի տարբերություն Ռուսաստանի: Նրա հետ ոչ ոք չի ցանկանում խոսել: Պատահական չէ, որ Բաքուն փորձում է ամերիկացի նախկին դիվանագետների միջոցով որոշակի շահերի լոբբինգ անել ԱՄՆ-ում, որպեսզի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները չվերաբերեն ադրբեջանական նավթային ոլորտին:

Բանն այն է, որ դա այլևս չի հետաքրքրում ամերիկացի կոնգրեսականներին, և Բաքուն զգում է իր մասին հիշեցման կարիք: Այդ ամենն իհարկե սիմպտոմներ են, բայց բավականին խոսուն:

Մյուս կողմից, սակայն, ռուս-ադրբեջանական տիրույթում այդ մոտ և հեռանկարայաին խնդիրներն ու լարվածությունը ինքնին չեն կարող Հայաստանի համար լինել «ոսկեբեր գետակ», որով հոսում է անվտանգությունն ու զարգացումը դեպի Հայաստան: Ավելի շուտ՝ այն գուցե հոսում է, բայց կանցնի կգնա, եթե Հայաստանում չկառուցվի այն ամբարտակը, որ պահելու է այդ հոսող ջուրը՝ կառուցելով, այսպես ասած, ջրամբար, որը թույլ կտա Հայաստանի պաշար ապահովել այն փուլերի համար, երբ ռուս-ադրբեջանական հարաբերությունը կմտնի մեղրամիսային նոր փուլ: Իսկ դատելով պատմական օրինաչափություններից՝ դա ինչ-որ պահի կլինի անխուսափելի: Պարզապես պետք է պատեհ պահերին պատրաստվել անպատեհ փուլերի համար: Դրան պատրաստվել Հայաստանի համար նշանակում է խորացնել հարաբերությունը անվտանգության առաջատար կենտրոնի՝ եվրաատլանտյան ուղղությամբ՝ միաժամանակ, իհարկե, առանցքային դիտարկելով ներքին բարեփոխումները:

Դրանք կարող են լինել այն ամբարտակը, որը պետք է ջրով լցվի ռուս-ադրբեջանական հարաբերության լարման «ոսկեբեր գետակից»: Հակառակ դեպքում չկա ռազմաքաղաքական Սևան, որից լրացուցիչ ջուր բաց թողնվի աշխարհաքաղաքական երաշտի տարիներին: Իսկ այդպիսի տարիներն ինչ-որ իմաստով բնական ցիկլ են միջազգային հարաբերությունների համար օբյեկտիվորեն: Խնդիրը դրանց պատրաստ լինելն է:

Նյութի աղբյուրը՝ 1in.am