«Իրատես» թերթը գրում է. «Օրերս Ծաղկաձորում անցկացված «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի ժամանակ «հայտնություն» է եղել: Նոր գումարման խորհրդարանի աշխատանքների մեկնարկից հետո նիստերի դահլիճ ոտք չդրած, բոլորից «թաքնվող» Իշխան Զաքարյանը ներկա է եղել այդ մրցույթին:

Որոշ տեղեկություններով, ՎՊ նախկին ղեկավարը ԱԺ նիստի առաջին օրը, երբ Սերժ Սարգսյանը ելույթ ունեցավ պատգամավորների առջեւ, եկել է խորհրդարան, սակայն նիստերի դահլիճ չի մտել, հարմար պահի է սպասել` նախագահի հետ հանդիպելու, սակայն բախտը չի ժպտացել, Սերժ Սարգսյանն արագ հեռացել է` նրան րոպե անգամ չհատկացնելով:

Դրանից հետո, նույն աղբյուրների պնդմամբ, Իշխան Զաքարյանը տարբեր մարդկանց է «մեջ գցել», որպեսզի հանդիպում կազմակերպի երկրի ղեկավարի հետ, բայց ջանքերը կրկին զուր են անցել: Փաստորեն, այսքան ժամանակ Զաքարյանը Սարգսյանի հետ հանդիպելու հույսը չի կորցրել, եւ հազիվ թե սպորտի հանդեպ անհագուրդ սերն էր պատճառը, որ ՎՊ նախկին ղեկավարը մասնակցել է ծաղկաձորյան մրցույթին:

Տրամաբանական հարց է առաջանում` այդ ինչպե՞ս է, որ սպորտային միջոցառմանը Իշխան Զաքարյանը ներկա լինելու ժամանակ ունի, իսկ իր բուն պարտականությունն իրականացնելու համար րոպե իսկ չունի: Գոնե կարող էր գալ ու, ինչպես շատերը, առաջին տասնհինգ րոպեն ներկա լինել նիստերին, կոճակ սեղմեր ու «թռներ»:

Չէ, նա առավել կարեւոր գործ ունի, նախ պետք է ապագայի մասին պայմանավորվածություն ձեռք բերի, ինչը, ինչպես երեւում է, դժվար է ստացվում կամ ընդհանրապես չի ստացվում նրա պարագայում:

Մրցույթին ներկա մեր աղբյուրը փոխանցեց, որ ողջ միջոցառման ժամանակ Իշխան Զաքարյանն ամեն կերպ ցանկացել է գոնե նախագահի հայացքին արժանանալ, պատեհ պահ գտնել ու նրա առաջ հայտնվել: Չնայած նույն սեղանի շուրջ են նստած եղել իշխող վերնախավի մի քանի ներկայացուցիչներ եւ Իշխան Զաքարյանը, սակայն նախագահն ակնհայտ արհամարհական պահվածք է ունեցել վերջինիս հանդեպ:

Այս ան գամ եւս հանդիպում չի եղել, չնայած, բոլորի աչքից հեռու մի քանի րոպե նախագահը գուցե եւ «բաշխել» է Իշխան Զաքարյանին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում