Երբեմն պատահական մի նկար, որը քեզ հարազատ է, կարող է քեզ մե՜ծ ցավ պատճառել։ Քույրս էր այս նկարը տեղադրել։ Ողջ մանկությունս ու ջահելությունը պռնկեպռունկ լցվեց հիշողությանս կուժը։

Ձախ թևի վրա փոքրիկ սեփական տունը Անահիտ Բախշյանի ամուսնու՝ Յուրայի հայրական տունն է, կողքինը մեր երեք հարկանի պետական շենքը։ Գորիս քաղաքի այն ժամանակվա Լենինի փողոցի վրա։

Ինչքա՜ն էինք միասին խաղում, երազում, կռվում։ Հիմա ոչ Յուրան կա, ոչ նրա եղբայրը՝ Գագիկը։ Երկուսն էլ... ջահել։ Մեծերը նույնպես չկան։ Մեր տան մեծերն էլ չկան․․․ Մանկությանս ու ջահելությանս ո՜չ մի հերոս չկա։ Հարազատ մի փողոց, որտեղ լցված էր մանկությունս ու որը հոսեց առվի պես․․․ ու չորացավ։

Զարմանալին այն է, որ ուշադրությունս կենտրոնանում է չորացած ծառի վրա։ Յուրայենց տան չորացած ծառի վրա։

Մի անսովոր տխրություն է պատում ինձ։ Հարազա՜տ փողոց ու այնքա՜ն հեռու․․․ Չորացած ծառը մի տեսակ խեղդում է ու հասկանում եմ, որ կարոտը խեղդել գիտե․․․

Հասմիկ Բաբաջանյան

Նյութի աղբյուրը՝ Hraparak.am