Հուլիսի 26-ին  հայտնաբերել են Արմավիրի մարզպետի խորհրդականի դին։ Սպանվածը Սարդարապատ գյուղի բնակիչ, 52-ամյա Մանուկ Սիմոնյանն էր, ում օրեր շարունակ փնտրում էին։

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեից, Սիմոնյանին մի տղամարդ տանից դուրս է կանչել, որից հետո նա այլևս չի վերադարձել․ «Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել է 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կապկպված»։ Ըստ տեղեկությունների, Սիմոնյանի դին հայտնաբերվել է նրա բջջային հեռախոսի շնորհիվ, որը գյուղացիներից մեկը գտել է դիակից մի քանի մետր հեռավորության վրա։ 

Սիմոնյանին սպանել են առանձնակի դաժանությամբ, նրա մարմինը եղել է երկաթներով կապկպված, իսկ գլխին ծանր քար է դրված եղել, մարմինը գտել են կիսանեխած վիճակում։ Այս սահմռկեցուցիչ սպանությունը գյուղացիների շրջանում տարաբնույթ խոսակցությունների տեղիք է տվել, վարկածներից մեկի համաձայն՝ նման դաժան սպանությունը հնարավոր է տեղի ունեցած լինի նեղ անձնական, օրինակ՝ խանդի հողի վրա։ Սարդարապատի գյուղապետ Բաբկեն Վարդանյանը բացառեց խանդի հողի վրա սպանության վարկածը․ «Նա առաքինի անձնավորություն էր, տուն ուներ, ընտանիք, դրանք ուղղակի բամբասանքներ են։ Մենք բոլորս ապշած ենք կատարվածից»։

Մյուս վարկածն էլ այն է, որ հնարավոր է տեղի ունեցածը կապված լինի նրա աշխատանքային գործունեության հետ։ Սիմոնյանը մարզպետի աջ ձեռքն էր, նրան ընկալում էին որպես Աշոտ Ղահրամանյանի «աչքերն ու ականջները» մարզպետարանում, ինչը բնականաբար որոշ աշխատակիցների սրտով չէր, թեեւ այս հողի վրա նման դաժան սպանությունը խիստ անհավանական է։

Նշենք, որ մարզպետի հետ կապվելու մեր ջանքերն ապարդյուն անցան, նա հեռախոսազանգերին չի պատասխանում, մենք ավելի վաղ հայտնել էինք, որ խորհրդականի անհետանալուց հետո մարզպետը խիստ անտրամադիր է, ոչ մեկի հետ չի շփվում։ Իսկ մարզպետարանից մեզ հորդորեցին դիմել ոստիկանությանը․ «Նա շատ պարկեշտ և լավ անձնավորություն էր, իսկ մնացած հարցերի համար խնդրում ենք դիմել ոստիկանություն»,-փոխանցեցին Արմավիրի մարզպետարանից։

Նյութի աղբյուրը` Hraparak.am